Ինչ արժե մեր պաշտոնյաների երթևեկությունը
Որքան փորձում ենք տարբեր հարցերում զերծ մնալ Հայաստանի և Վրաստանի միջև զուգահեռներ անցկացնելու գայթակղությունից, չի ստացվում. գրեթե ամեն օր նման առիթ են տալիս կամ մեր, կամ վրացի պաշտոնյաները։
Երեկ տեղեկատվություն հրապարակվեց, որ Վրաստանի կառավարությունն այս տարի մորատորիում կհայտարարի առաջին կատեգորիայի ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման համար: Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել նախարարություններին` իրենց ավտոպարկից վաճառքի դուրս բերել թանկարժեք ավտոմեքենաները` նշելով, որ մեքենաների վրա տնտեսված միջոցները նախարարությունները կարող են օգտագործել, օրինակ, աշխատակիցների որակավորման բարձրացման համար:
Չէ, միգուցե Հայաստանի պետական համակարգի աշխատակիցների որակավորումն այնքան բարձր է, որ դրանից ավելի բարձրացնելու կարիք չկա։ Սակայն, կարծում ենք` բոլորը կհամաձայնեն, որ մեր երկրում էլ փողը ծախսելու ավելի հարմար և հրատապ տեղեր կան, քան թանկարժեք ծառայողական մեքենաները։
ՀՀ ծառայողական ավտոպարկն այսօր ունի շուրջ հազար մեքենա։ Միայն 1 մեքենայի պահպանման ծախսը տարվա կտրվածքով կազմում է շուրջ 1 միլիոն դրամ։ Իսկ շքե՞ղ են, արդյոք, այդ մեքենաները։
Որպեսզի այդ հարցի պատասխանը չթողնենք մեր կամ ձեր սուբյեկտիվ ընկալմանը, նշենք, որ թանկարժեքության չափանիշները որոշ առումով կանոնակարգված են։ Այսպես, 2008թ. հուլիսի 24-ի ՀՀ կառավարության կողմից ընդունված ՀՀ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչների վերաբերյալ որոշման համաձայն` պետական ծառայողները բաժանվել են 4 խմբի։
Առաջին խումբը կարելի է անվանել` թանկարժեք մեքենա ունեցողների խումբ։ Դրա մեջ մտնում են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները, ՀՀ Նախագահի, ՀՀ ԱԺ-ի և ՀՀ կառավարության կողմից նշանակվող գործադիր իշխանության մարմինների ղեկավարները, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալները, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը, ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի նախագահը։ Համաձայնենք, որ այս խմբի համար ինչ-որ տեղ ընդունելի է ունենալ թանկարժեք մեքենա։
Սակայն, պարզվում է, նույն որոշմամբ գոյություն ունի որոշակի սահմանափակում` այս անձանց ծառայողական ավտոմեքենաների շարժիչի աշխատանքային առավելագույն ծավալը պետք է լինի 3,5լ, առավելագույն գինը` 13մլն դրամ, իսկ երաշխիքային սպասարկման նվազագույն ժամկետը` 36 ամիս։ 13 միլիոն դրամը մոտ 32 հազար դոլար է, իսկ այդ գնի մեքենաները համարվում են թանկ, բայց ոչ լյուքս դասի։
Իսկ երկրորդ, երրորդ և չորրորդ խմբի քաղծառայողների մեքենաների հարցն ավելի խիստ է։ Այսպես, երկրորդ խմբի քաղծառայողների ավտոմեքենաների շարժիչի աշխատանքային առավելագույն ծավալը պետք է լինի 2,2լ, առավելագույն գինը` 10 մլն դրամ։ Իսկ երրորդ և չորրորդ խմբերի դեպքում` շարժիչի աշխատանքային առավելագույն ծավալը` 1,8լ, առավելագույն գինը` 8,5 մլն դրամ։
Այս սահմանափակումները կարող են տարակուսանքի մեջ գցել ցանկացած մարդու, ով կոնկրետ օրերին բախտ է ունեցել անցնել Կառավարության, նախարարությունների կամ ԱԺ շենքի մոտով։
Իսկ հնարավո՞ր է, որ մեզ մոտ էլ նման նախաձեռնություններ լինեն։ Ասենք` կառավարությունը սահմանափակի ծառայողական մեքենաների վրա կատարվող ծախսերը։ Դժվար թե, որովհետև կառավարության գործողություններն այլ բանի մասին են վկայում։ Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին կառավարությունը որոշում էր ընդունել` պետական մի շարք գերատեսչությունների համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 789 մլն դրամ կամ ավելի քան 1.95 միլիոն ԱՄՆ դոլար:
Այդ գումարով նախատեսված է գնել 69 հատ մեքենա` Դատական դեպարտամենտի, ԱԺ-ի, ՎՊ-ի, Դատախազության, ՀՔԾ-ի, ԱԳՆ-ի, ԿԳՆ-ի, ՏԿՆ-ի, ԿՀԸ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համար: Մեկ մեքենայի միջին արժեքը կազմում է 11.4 միլիոն դրամ։ Այսինքն` կառավարությունն իր իսկ չափանիշներով շքեղ մեքենաներ է գնել։ Դրա համար էլ զարմանալի չէ, որ այդ որոշումն ընդունվել էր կիսաթաքուն. որոշման նախագիծը չէր հրապարակվել կառավարության կայքում, և դրա մասին լրագրողներն իմացել էին «պաշտոնական տեղեկագրից»:
Զարմանալի չէ նաև, որ Արարատի մարզպետարանը նախորդ տարվա նոյեմբերին մեքենայի դիմապակին տեղադրելու համար համապատասխան ընկերությանը վճարել էր 600 հազար դրամ։ Այդ փաստաթուղթը կարելի է գտնել e-gov.am կայքի` 1 անձից կատարված գնումների բաժնում։
Կարճ ասած, մենք` հայերս, դժվար թե վրացիների ճանապարհով գնանք։ Միգուցե այն պատճառով, որ մեքենան մեզ համար ընդամենը փոխադրամիջոց չէ։ Սա, ի դեպ, «ամենաանշառ» բացատրությունն է աղքատ երկրում մեքենաների վրա միլիոնավոր դոլարներ ծախսելու համար (չենք խոսում «ատկատների» կամ այլ շահագրգռող գործոնների մասին)։
Սակայն մեքենաների (այդ թվում նաև` ծառայողական մեքենաների) հարցում Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ևս լուրջ փոփոխություններ կլինեն։ Քանի որ Հայաստանը շուտով դառնալու է ՄՄ լիարժեք անդամ, արտասահմանյան մեքենաների մաքսազերծումը զգալիորեն թանկանալու է։ Բացի, իհարկե, ռուսական արտադրության մեքենաներից։
Այդ դեպքում ՀՀ իշխանությունները կունենան ընտրության երկու հնարավորություն։ Կամ առավել շատ գումարներ կհատկացնեն արտասահմանյան ծառայողական մեքենաների համար, կամ նախապատվությունը կտան ռուսական Lada-ին` խնայելով պետբյուջեի միջոցները։ Ու քանի որ մեր պաշտոնյաներն իրենց դժվար թե պատկերացնեն Lada-ի մեջ, ամենայն հավանականությամբ, հարկատուների գումարների մի զգալի մաս ևս կուղղվի նրանց հարմարավետ երթևեկության ապահովման կարևոր խնդրին։