
Ուկրաինայի վարչապետը հրաժարական է ներկայացրել (լրացված)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր Արսեն Ավակովը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարական է տվել: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում: Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հաստատել է Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:
Ազարովը հայտարարել է, որ հրաժարական է տվել, որպեսզի հավելյալ հնարավորություններ ստեղծվեն հասարակական-քաղաքական փոխզիջման, հակամարտության խաղաղ կարգավորման համար: Ազարովը հավելել է, որ անձամբ է որոշում ընդունել իր հրաժարականի հարցով Ուկրաինայի նախագահին դիմելու մասին:
Անձամբ Ազարովի և ընդհանուր առմամբ կառավարության հրաժարականը հանդիսանում էր նախագահ Վիկտոր Յանուկովիչին ուկրաինական ընդդիմության ներկայացրած գլխավոր պահանջներից մեկը:
Սրանից առաջ Յանուկովիչն ընդդիմության հետ բանակցություններում Արսենիյ Յացենյուկին առաջարկել էր երկրի վարչապետի պաշտոնը, իսկ Վիտալի Կլիչկոյին՝ հումանիտար հարցերով փոխվարչապետի պաշտոնը: