
Իսրայելը շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Իրանի հետ ոչ վիզային ռեժիմին վերջ դնելու համար

Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Երուսաղեմում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիաբաշվիլիի հանդիպումը Իսրայելի ներքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ: Հանդիպման ժամանակ Սաարը Գարիբաշվիլիին մեծապես շնորհակալություն է հայտնել Վրաստանի ու Իրանի միջև ոչ վիզային ռեժիմի դադարեցման համար:
Դրա հետ մեկտեղ Սաարը Գարիբաշվիլիին իրազեկել է Վրաստանի ու Իսրայելի միջև ոչ վիզային ռեժիմի մասին պայմանագրի վավերացման հարցի առաջխաղացման մասին: Նա ընդգծել է, որ այդ պայմանագիրը կառավարության հաստատմանը կներկայացնի մոտ ժամանակներս:
Գարիբաշվիլին իր հերթին Սաարին հրավիրել է մոտ ժամանակներս այցելել Վրաստան: Նշվում է, որ սա Գարիբաշվիլիի առաջին այցն է Իսրայել՝ որպես Վրաստանի վարչապետ:
Սաարից բացի, Գարիբաշվիլին հանդիպումներ է ունենալու Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի, վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի հետ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Գարիբաշվիլիի իսրայելական այցի շրջանակներում Վրաստանն ու Իսրայելը ստորագրելու են ազատ առևտրի մասին համաձայնագիր: