Կիրո Մանոյանը` թուրք ազգայնամոլի հայաստանյան այցի մասին

Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանն այսօրվա մամուլի ասուլիսում ղարաբաղյան խոսեց նաև թուրք ազգայնամոլ, թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության անդամ Հասան Օքթայի հայաստանյան վերջին այցի և դրա շուրջ բարձրացված աղմուկի մասին:

Կիրո Մանոյանն ասաց, թե ինքն անձնապես այդքան լուրջ չի վերաբերի այդ անձնավորության` Հայաստանում գտնվելու փաստին, և նաև ամբողջությամբ չի կիսում բարձրացված աղմուկը:

«Պիտի ասեմ, որ իրենք նույնը մեր մասին են ասում. այսինքն`երկու տարի առաջ գնացել էի Անի, որտեղ խնդիր ունեցանք իրենց անվտանգության աշխատակիցների հետ, որովհետև եռագույնն էինք պարզել: Այսինքն` ոչ իմ գնալն էր նշանակում, որ Հայաստանն ինչ-որ բան է ուզում անել Թուրքիայում, ոչ էլ էդ մարդու գալն է նշանակում, որ Թուրքիան ինչ-որ բան է անելու: Սա պետք չէ վերագրել թուրքական ինչ-որ պետական ծրագրի և մեր կողմից էլ` մեծ ձախողության: Հատկապես` «սկանդալ» և այլ որակումները ես անձնապես չեմ կիսում»,- Հայ դատի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ  Օքթայը Երևան էր այցելել հունվարի 20-ին և մի քանի օր անց վերադառնալով Թուրքիա` հրապարակել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կաթողիկոս Գարեգին Երկրորդի և մի քանի հայ փորձագետների` Հակոբ Չաքրյանի, Ռիչարդ Կիրակոսյանի և այլոց հետ լուսանկարներ: Բացի այդ` կային լուսանկարներ, որտեղ Օքթայն իր թուրք ընկերոջ հետ Երևանի Հանրապետության հրապարակում էր` «գորշ գայլերի» խորհրդանիշով: Օքթայի այցի մասին առաջին անգամ հայտնի դարձավ yerki.am-ի հրակարակումից:

Տեսանյութեր

Լրահոս