
Գերմանիան ու Ֆրանսիան հաշտվեցին, նույնը կարող են անել Հայաստանն ու Ադրբեջանը. Մինյոն

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.
«Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի վեցամսյա նախագահությունը և նույն լիազորությունները, որոնք մայիսին պետք է կատարի Ադրբեջանը, լավ հնարավորություններ են ստեղծում՝ հստակեցնելու համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջնահերթությունները և ինձ հույս են ներշնչում:
2013 թվականին, երբ նախագահում էր Հայաստանը, նշվեց Գերմանիայի ու Ֆրանսիայի միջև Ելիսեյան պայմանագրի 50-ամյակը: Այդ պայմանագիրը միավորեց երկու երկրներին, որոնք վաղուց թշնամացել էին միմյանց հետ, սակայն ժամանակի հետ մեկտեղ դարձան բարեկամներ ու գործընկերներ:
Եթե դա հաջողվեց Գերմանիային ու Ֆրանսիային, ապա դա կարող են անել նաև Հայաստանն ու Ադրբեջանը: Եթե ես ընտրվեմ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար, բնական է, որ իմ առաջնահերթություններից մեկը կլինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»:
Մինյոնը նաև մտահոգություն է հայտնել վերջին շրջանում հայ-ադրբեջանական շման գծում իրավիճակի սրման կապակցությամբ:
Հիշեցնենք, որ այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանը, որը տևելու է մինչև հունվարի 31-ին: Դրա ժամանակ պետք է ընտրեն կառույցի նախագահին ու փոխնախագահին: