Մեկնարկել է ԵԽԽՎ լիագումար նիստը. ՀՀ պատվիրակության լիազորությունները կարող են վիճարկվել (Ուղիղ միացում)
Քիչ առաջ Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Այս նստաշրջանի ժամանակ կարող է բարձրացվել հայկական պատվիրակության լիազորությունները չճանաչելու հարցը: Ըստ գործող ընթացակարգի, նիստը նախագահողը նիստը բացելուց հետո հայտարարում է, որ հաստատվում են ազգային պատվիրակությունների լիազորությունները, և հարցնում, թե կա՞ն արդյոք առարկություններ: Եթե ԵԽԽՎ առնվազն 10 պատգամավորներ ոտքի կանգնեն և նրանցից մեկը հայտարարի, որ իրենք վիճարկում են Հայաստանի պատվիրակության լիազորությունների ճանաչման հարցը, նիստը նախագահողը այն կընդունի ի գիտություն:
Հայկական պատվիրակության լիազորություների չճանաչման հիմք կարող է հանդիսանել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմի փոփոխությունը, ինչի արդյունքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դուրս մնաց պատվիրակության կազմից: Զարուհի Փոստանջյանը սա համարում է քաղաքական հետապնդման արդյունք, որը անընդունելի է ԵԽԽՎ չափանիշներով: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ նախորդ նստաշրջանի ժամանակ հարց ուղղեց ԵԽԽՎ-ում ելույթով հանդես եկած նախագահ Սերժ Սարգսյանին՝ խաղատներ այցելելու մասին:
Հայկական պատվիրակության լիազորությունները ճանաչելու հարցում որոշում կկայացնի ԵԽԽՎ կանոնադրական հանձնաժողովը, որի նիստը կգումարվի չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը: Եթե այս հանձնաժողովի անդամները համարեն, որ Զարուհի Փոստանջյանը իսկապես քաղաքական հետապնդման արդյունքում է դուրս մնացել հայկական պատվիրակության կազմից, պատվիրակության լիազորությունները կարող են չճանաչվել, և հայկական պատվիարկությունը կզրկվի ձայնի և քվեակություններին մասնակցելու իրավունքից:
Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ ղեկավարության կողմից հրավիրվել էր Ստրասբուրգ: Նա չի կարող մասնակցել ԵԽԽՎ լիագումար նիստին, բայց կարող է մասնակցել կանոնադրական հանձնաժողովի նիստին, որի աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ: