
Թուրքիա այցելող Ֆրանսուա Օլանդը կհանդիպի Հրանտ Դինքի այրու հետ

Թուրքական T24-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր ժամանում է Թուրքիա, որով և նա կհանդիսանա վերջին 22 տարում պաշտոնական այցով Թուրքիա այցելած Ֆրանսիայի առաջին նախագահը:
Հիշեցնենք, որ Թուրքիա այցելած Ֆրանսիայի վերջին նախագահը հանդիսանում է Ֆրանսուա Միտերանը, ով Թուրքիա է այցելել 1992 թվականին: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին 2011 թվականին այցելել էր Թուրքիա, սակայն այցից առաջ նա ընդգծել էր, որ Թուրքիա է այցելում ոչ թե որպես Ֆրանսիայի նախագահ, այլ՝ որպես G-20-ի նախագահ:
Դա խստապես զայրացրել էր թուրքական կողմին և Սարկոզիին դիմավորել էին շատ ցածր մակարդակով՝ Անկարայի քաղաքապետ: Սարկոզիի թուրքական այցը տևել էր ընդամենը 4 ժամ:
Նշվում է, որ Օլանդը Թուրքիա է ժամանում երկօրյա այցով, և որ նրան չի ուղեկցելու Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը: Փոխարենը նրան ուղեկցում են մի շարք նախարարներ ու գործարարներ: Այցը տեղի է ունենում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով:
Այցի ժամանակ քննարկվելու են Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների հարցը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր:
Նշվում է, որ Օլանդն իր թուրքական այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և 7 տարի առաջ Ստամբուլում սպանված «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի կին Ռաքել Դինքի հետ: