Ի պատասխան ԱՄՆ-ի սպառնալիքների՝ Իրանը կմեծացնի իր ռազմական բյուջեն. Լարիջանի
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը մտադիր է մեծացնել իր ռազմական բյուջեն՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից շարունակվող ռազմական հռետորիկայի: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին.
«Բոլորը լսեցին Քերիի արտահայտությունները և նրա քարոզչական պատերազմն ընդդեմ Իսլամական հանրապետության, և մենք պետք է ամբողջովին գիտակցենք տվյալ հայտարարության ողջ կարևորությունը և ձեռնարկենք գործնական միջոցներ:
Ի պատասխան այդ արտահայտությունների, ինչպես նաև հնարավոր սպառնալիքներից երկրի պաշտպանության համար՝ Իրանը կմեծացնի երկրի ռազմական բյուջեն»:
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունվարի 23-ին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ընդգծել է, որ եթե Թեհրանը խախտի իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, ապա անմիջապես օրակարգում կհայտնվի հարցի լուծման ռազմական տարբերակը: