
Թունիսում ընդունել են երկրի նոր Սահմանադրությունը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թունիսի Ազգային հիմնադիր խորհրդի պատգամավորների մեծ մասը գիշերը քվեարկել է երկրի նոր Սահմանադրության ընդունաման օգտին: Հիմնադիր խորհրդի լիագումար նիստը երեկ մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 16.00-ին:
Նոր Սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ էր, որ այն հավանության արժանացներ պատգամավորների 2/3-ը, հակառակ դեպքում երկրի հիմնական օրենքի նախագիծը դրվելու էր համաժողովրդական հանրաքվեի: Սահմանադրության օգտին քվեարկել է հիմնադիր խորհրդի 216 պատգամավորից 200-ը:
Նոր Սահմանադրությամբ Թունիսի նախագահը կարող է այդ պաշտոնը զբաղեցնել երկու անընդմեջ հնգամյա ժամկետից ոչ ավելի: Ընդ որում, Սահմանադրությունում արգելք է դրվել այդ նորմայի փոփոխման վրա: Նոր Սահմանադրության ընդունումը պահանջեց 3 տարի, դրա նախապատրաստությունը մեկնարկել էր 2011 թվականին Թունիսում իրականացված հեղափոխությունից հետո: