Սերժ Սարգսյանը «մեսիջ» հղեց Սահմանադրական դատարանին
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն այցելության ժամանակ պարտադիր կուտակային կեսաթոշակային համակարգին անդրադառնալով՝ նշել էր, որ հետագայում այն «պատմական» է կոչվելու:
«Ես համոզված եմ, որ այս բարեփոխումն այն համալիր ծրագիրն է, որ հետո կոչելու են պատմական. անցնելու են տարիներ, և այսօրվա ձեր կատարած աշխատանքը միայն ու միայն հարգանքի և շնորհակալության է արժանանալու»,- ասել էր նա:
Լրագրողներն այսօր «Դեմ եմ» նախաձեռնության անդամներից հետաքրքրվեցին՝ արդյոք այս հայտարարությունը չի՞ նախանշում Սահմանադրական դատարանի հետագա որոշումը՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի սահմանադրականության հարցի հետ:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանի խոսքով՝ եթե որևէ գործ գտնվում է Սահմանադրական դատարանում է, ապա նման հայտարարությունները կարող են դիտվել որպես մեսիջ Սահմանադրական դատարանին:
«Երբ ինչ-որ գործի քննություն գտնվում է Դահմանադրական դատարանում և երկրի առաջին դեմքն արդեն իսկ իր կարծիքն է հայտնում, դա կարող է դիտվել որոշակի մեսիջ, հաղորդագրություն Սահմանադրական դատարանին: Այսինքն՝ ես՝ որպես քաղաքացի, չէի ցանական, որ իմ երկրի առաջին դեմքը այդպիսի կարծիք սկսեր արտահայտել մի օրենքի վերաբերյալ, որը վիճարկվում է:
Չէ՞ որ գուցե օրենքը հակասահմանադրական ճանաչվի, նախագահն ինչպե՞ս է մեկնաբանելու իր արտահայտությունները: Թե՞ երկրի առաջին դեմքը վստահ է, որ դա չի ճանաչվի հակասահմանադրական: Սա էլ լավ չէ, որովհետև եթե գործը քննության մեջ է, կոռեկտությունը պահանջում է դիրքորոշումներ գոնե դեռ չարտահայտել գոնե այդ մակարդակով, որպեսզի քննության անաչառությունը ապահովվի»: