Անուշավան Գրիգորյանն անմեղսունակ է ճանաչվել

Նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի հետ ձերբակալված, ապա կալանավորված Անուշավան Գրիգորյանի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունն ավարտվել է: Փորձաքննության եզրակացությամբ՝ Ա. Գրիգորյանն անմեղսունակ է ճանաչվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ա. Գրիգորյանի պաշտպանությունն իրականացնող հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը:

Նա ավելի վաղ հայտնել էր, որ ինքն էր միջնորդել Ա. Գրիգորյանին փորձաքննության ենթարկել, դատարանը բավարարել էր իր միջնորդությունը և Ա. Գրիգորյանին տեղավորել «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում: Պաշտպանը հայտնել էր, որ Ա. Գրիգորյանը դեռ 1999-ից տառապել է շիզոֆրենիա հիվանդությամբ, և եթե նա իրոք անմեղսունակ է, ապա պատիժ կրելու փոխարեն` պետք է բուժվի և ոչ թե կալանավայրում լինի:

Ըստ Լյուդվիգ Ավետիսյանի, այժմ էլ Անուշավան Գրիգորյանը գտնվում է «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում, որտեղ բուժում է ստանում:

Լ. Ավետիսյանը տեղեկացրեց, որ Ա. Գրիգորյանի մասով պետք է առանձին վարույթ հարուցվի, այն ուղարկվի դատարան, որն էլ որոշում կկայացնի: Նշենք, որ նախաքննության ընթացքում Ա. Գրիգորյանը ներգրավվել է` որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 2-րդ մաս):

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս