Սասուն Միքայելյան. Եթե կառավարությունը կառավարություն լիներ, երկիրն այս վիճակի չէր հասցնի
«Հայաստանում ամեն կայծ կարող է բռնկվել, բոց դառնալ, բայց իշխանությունները կաշխատեն կանխել, ինչը տարբեր ժամանակներում նրանց միշտ հաջողվել է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին և դրա շուրջ ստեղծված բողոքի ալիքին:
Նա նշեց, թե բնական է համարում, որ մարդիկ դուրս են եկել փողոց՝ իրենց իրավունքները պաշտպանելու: «Կառավարությունն, ըստ օրենքի, իր վրա պարտավորություն է վերցնում այդ կազմակերպությունների լուծարման դեպքում վճարել գումարները, բայց եթե կառավարությունը կառավարություն լիներ, երկիրն այս վիճակի չէր հասցնի, իսկ հիմա ինչ-որ կազմակերությունների համար գառանտ է կանգնել՝ ինչի՞ վրա հիմնվելով: Ես օրենքին լավատեղյակ չեմ և մի բան չեմ հասկանում՝ նրանք, ովքեր չեն աշխատում, թոշակ չեն ստանալո՞ւ, ի՞նչ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը:
Որքան գիտեմ, մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին մուծելու է մինչև 5 տոկոս, իսկ 500 հազարից ավել աշխատավարձ ստացող անհատը՝ մինչև 10 տոկոս: Պարզվում է, որ ժողովրդի հաշվին կառավարությունը կրկին իր հարցն է լուծում՝ երևի ինչ-որ ակնկալիքներ ունենալով: Ի վերջո, այս համակարգը խնդիր է դառնալու, կպնելու են էն խեղճ աշխատող ժողովրդի գրպանին, բա էլ ո՞ւմ կպնեն: Թող իրանց գրպանին կպնեն…»,- նշեց նա:
Սասուն Միքայելյանը նաև հայտարարեց, թե կուտակային համակարգի ներդրումը վարչապետի «խաղերի արդյունքն է», որովհետև ժողովուրդը «մինիմալ օգուտ» այդ համակարգից չունի:
«Ամեն անգամ խեղճ, անճար ժողովուրդն ընկնում է կրակի մեջ ու բնական է, որ մենք բոլորս պետք է մեր իրավունքները պաշտպանենք, դուրս գանք փողոց, պայքարենք: Ես այս համակարգի մեջ մի վտանգավոր տենդենց եմ տեսնում. իշխանությունը՝ շարժումը թուլացնելու համար, բյուջետային աշխատողների համար պարտադիր վճարումները չի հանի, իսկ ոչ բյուջետային աշխատողների համար կներդնեն ոչ պարտադիր՝ կամավոր սկզբունք, սրանով մեղմացնելով ստեղծված դրությունը: Քանի որ քաղաքական քաղաքացիական ուժերի մրցակցություն է առաջ եկել, պետությունը ուզում է թույլ չտալ, որ երկրում այս ուժերի համախմբում լինի, համախմբված պայքարեն»,- հավելեց նա:
Սասուն Միքայելյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ» թերթի վաղվա համարում: