Սնոուդենի օնլայն ասուլիսը տևել է պլանավորվածից կրկնակի ավելի
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը գիշերային ժամերին տվել է օնլայն ասուլիս: Հարցերն ու պատասխանները պետք է տևեին մոտ մեկ ժամ, սակայն արդյունքում Սնոուդենը հանրության հետ շփվել է գրեթե երկու ժամ:
Կոնֆերանսը մեկնարկել է մոսկովյան ժամանակով ժամը 00.00-ին: Հարցերը Սնոուդենին ուղարկվել են Twitter-ի միջոցով: Ամերիկացին այդ ընթացքում հասցրել է պատասխանել 13 հարցի: Հայտնի չէ, թե նա որքան հարց է ստացել: Ամերիկացու պատասխանները հրապարակվել են freesnowden.is կայքում:
Իր պատասխաններում Սնոուդենը նշել է, որ իրեն մտահոգել է հատուկ ծառայությունների կողմից քաղաքացիների նկատմամբ զանգվածային գաղտնալսումներ իրականացնելը:
Նա պատմել է, որ չի կարող վերադառնալ ԱՄՆ, քանի դեռ չի փոխվել հրապարակավ բացահայտումներ արած մարդկանց պաշտպանության օրենքը: Սնոուդենը հերքել է մի շարք ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը, թե գողացել է գաղտնաբառեր և խաբել է իր ծառայակիցներին: