
«Ժնև 2»-ի առաջին փուլը կարող է տևել մեկ շաբաթ ու ավելի. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» միջազգային կոնֆերանսի առաջին փուլը կարող է տևել մեկ շաբաթ, ինչից հետո պատվիրակությունները կցրվեն՝ ավելի ուշ հավաքվելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը.
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջին փուլը շարունակվելու է մեկ շաբաթ կամ ավելի շատ, ինչից հետո կլինի դադար, որպեսզի կողմերը իմաստավորեն այդ մեկ շաբաթում տեղի ունեցածը»:
Բոգդանովի խոսքերով՝ Մոսկվան չի բացառում, որ «Ժնև 2»-ի բանակցություններին կարող են միանալ սիրիական ընդդիմադիր այլ խմբերի ներկայացուցիչներ: Բոգդանովը դա առավել հնարավոր է համարում երկրորդ փուլում:
Նշվում է, որ «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցում է 45 երկրի արտգործնախարար: Սիրիական հակամարտության գրեթե եռամյա պատմության ընթացքում Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունն առաջին անգամ նստել են բանակցային սեղանի շուրջ: