Բաժիններ՝

Ադրբեջանում մոտ ժամանակներս նոր օրենքներ կընդունվեն զինված ուժերի մասին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջիկայում Ադրբեջանի խորհրդարանում նոր օրենքներ կարող են ընդունվել զինված ուժերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի՝ անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը:

Վերջինիս խոսքերով՝ իրենք խորհրդարանի գարնանային նստաշրջանում ներկայացնելու են երկու նոր օրինագիծ. «Զինված ուժերի և այլ զորամիավորումների մասին» և «Զինծառայողների կարգավիճակի մասին»:

Պատգամավորը հիշեցրել է, որ այս օրինագծերն ընդգրկվել են նաև նախորդ նստաշրջանների օրակարգում, սակայն դրանք չեն ընդունվել, քանի որ դրական արձագանքի չեն արժանացել զինված ուժերի մի շարք կառույցների կողմից: Օրուջի կարծիքով՝ այժմ առաջին օրինագծի ընդունման հարցում չկա որևէ խնդիր ու խոչընդոտ:

Նա մանրամասնել է, որ «Զինված ուժերի և այլ զորամիավորումների մասին» օրինագիծը հստակեցնում է զինված ուժերի ստեղծման ընդհանուր սկզբունքները, սակայն այն ընդհանրապես չի նախատեսում Ադրբեջանում նոր զորամասի կամ զորամիավորման ստեղծում:

«Զինծառայողների կարգավիճակի մասին» օրինագծի հետ կապված՝ Օրուջը հայտարարել է, որ դրանում խոսք է գնում տվյալ ոլորտում հարաբերությունների կարգավորման մասին՝ հավելելով, որ դրա վերջին տարբերակը, որը կազմել են փորձագետները, դեռ չի ներկայացվել իրենց:

Օրուջն ընդգծել է, որ եթե խոսքը գնում է բանակի արդիականացման մասին, ապա այդ տեսանկյունից կառուցվածքային վերափոխումներն ու զինծառայողների կարգավիճակը պետք է համապատասխանեն միջազգային պահանջներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս