Սահմանային լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանում հայտարարված «սև հունվարով». Սեյրան Օհանյան
«Իրադրությունը վերահսկելի է: Առաջին անգամ չէ, որ կրակոցները բավականին շատանում են»,- անդրադառնալով սահմանում լարված իրավիճակին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ քանի դեռ խաղաղության պայմանագիր կնքված չէ, կրակոցներ կլինեն: Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում սահմանային բնակավայրերի անվտանգության համար: «Առաջին գծում մենք միշտ եղել ենք պարտադրողի դերում, անհրաժեշտության դեպքում նաև պատժողի դերում»,-ասաց Ս. Օհանյանը:
Ս. Օհանյանն ասաց, որ սահմանին և շփման գծում լարվածություն լինում է այս կամ այն իրադարձությունների շրջանակներում, դրանից առաջ կամ հետո: Պաշտպանության նախարարը կարծիք հայտնեց, որ լարվածությունը նաև պայմանավորված է Ադրբեջանում հայտարարված «սև հունվարով»: Ս. Օհանյանի խոսքով՝ լարվածությունը հիմնականում արտահայտվում է անկանոն կրակոցերով. հայկական կողմը, նրա խոսքով, անկանոն կրակոցների չի պատասխանում, պատասխանում է միայն դիպուկահարների կրակոցներին: սահմային բնակավայրերի անվտանգության ապահովման ուղղությամբ:
Ս. Օհանյանն ասաց, որ 2013-ը հայկական բանակի համար հերթական ձեռքբերումների, հաղթանակների տարի էր՝ ևս մեկ տարի մենք խաղաղություն ապահովեցինք հայ ժողովրդի համար: Նա նշեց, որ նախորդ տարի հատկապես Տավուշի մարզում հակառակորդը մի քանի դիվերսիոն գործողություններ իրականացրեց, ինչի արդյունքում հայկական բանակում զինծառայողներ զոհվեցին: Ս. Օհանյանն ասաց, որ անչափ ծանր է բոլորի կորուստը, բայց ինքը հպարտանում է բոլոր ծնողներներով, ովքեր հերոսներ են աշխարհ բերում, և այն հրամանատարներով, ովքեր սովորեցնում են պատերազմի արվեստը: ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, որ հայկական կողմը մի քանի անգամ ավելի խիստ հակահարված է հասցրել հակառակորդին:
Սեյրան Օհանյանը կարևորեց վիճակահանության միջոցով զորակոչի ներդրումը, ինչի արդյունքում, նրա խոսքով, բացառվել են միջամտությունները: Ս. Օհանյանի խոսքով՝ բարձրացել են նաև զինծառայողների աշխատավարձերը: Պաշտպանության նախարարի խոսքով՝ չնայած առաջընթաց է գրանցվել, բայց դա իրենց չի գոհացնում: «Մեզ այդ տեմպը չի գոհացնում , մեզ պետք է թռիչքային առաջընթաց»,- ասաց Ս. Օհանյանը: Նա նշեց, որ 2014թ. ինքը հայտարարել է փողոցային բարքերի դեմ պայքարի տարի, քանի որ բացթողումների, գոյություն ունեցող տարբեր հանցագործությունների պատճառները նաև մարդկային միջանձնային հրաբերությունների խախտման դեպքերն են: