
Հարավային Սուդանի կառավարությունն ու ապստամբները ստորագրել են հրադադարի մասին համաձայնագիր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Սուդանի կառավարությունն ու ապստամբները երեկ երեկոյան ստորագրել են հրադադարի մասին համաձայնագիր: Կողմերի միջև բանակցություններն անցկացվել են Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում:
Բացի այդ, Հարավային Սուդանի կառավարությունը և ապստամբները պայմանավորվել են, որ իրենց հրավիրած օտար բոլոր զինված ուժերը պետք է լքեն երկիրը: Դա մասնավորապես վերաբերում է Ուգանդայի բանակին, որը բաց կերպ աջակցել է նախագահ Սալվա Կիիրին և պատերազմել է կառավարական զորքերի կողմից:
Ակնկալվում է, որ հրադադարի մասին համաձայնագիրը կսկսի գործել առաջիկա 24 ժամվա ընթացքում: Սակայն Հարավային Սուդանի բնակիչները թերահավատորեն են գնահատում բանակցությունների արդյունքները՝ կարծելով, որ հրադադարը կլուծի երիտասարդ պետության խնդիրների միայն մի մասը: Հարավային Սուդանում քաղաքացիական պատերազմը մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերի կեսից: