Անգելա Մերկելն առնվազն երկու անգամ եղել է Երևանում

2005թ. նոյեմբերի 21-ից  Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնող Անգելա Մերկելը, պարզվում է, ուսանողական տարիներին  առնվազն երկու անգամ եղել է  Հայաստանում: Այդ մասին նրա պաշտոնական կենսագրության մեջ ոչինչ նշված չէ: Սակայն կան մարդիկ, ովքեր վստահեցնում են, որ 1973-74թթ. Երևանում հանդիպել են Անգելա Մերկելին և անգամ մի ամբողջ օր անցկացրել նրա հետ:

Գերմանիայի առաջին կին կանցլերի կենսագրության մեջ նշված է, որ նա 1973 թ. ընդունվել է  Լայպցիգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Այնուհետև նշվում է, որ Մոսկվայի և Լենինգրադի հետ ուսանող-ֆիզիկոսների փոխանակման ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպումներից մեկի ժամանակ ծանոթացել է իր առաջին ամուսնու`Ուլրիխ Մերկելի հետ: Մերկելի օրիորդական ազգանունը Քասներ է:
1973-74թթ. Երևանի ֆիզիկայի ֆակուլտետի նախկին ուսանողները հիշում են, որ այդ թվականներին ուսանողական փոխանակման ծրագրով Գերմանիայից ուսանողներ են եկել նաև Երևան: «Երևանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն այն ժամանակ Խորհրդային Միության ամենաուժեղ ֆակուլտետներից էր: Մեզ մոտ էին դասավանդում այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք էին ակադեմիկոսներ էդիկ Չուբարյանը, Դավիթ Սեդրակյանը, Անրի Ներսիսյանը, և նրանց համբավը դուրս էր Խորհրդային Միության սահմաններից»,- ասում է այդ ժամանակվա Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներից մեկը:

Գերմանացի ուսանողներն ապրել են Մաշտոցի պողոտայի վրա գտնվող համալսարանի հանրակացարանում, և, ըստ հայ ուսանողների՝ տեղացիների հետ առանձնապես չեն շփվել: «Մենք գիտեինք, որ իրենք խուսափում են շփումներից,  քանի որ յուրաքանչյուր խմբում կան Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության հատուկ ծառայության` Շտազիի գործակալներ, և բոլորը ձգտում էին զուսպ պահել իրենց՝ խուսափելով ավելորդ գլխացավանքից»,- պատմում է մեր զրուցակիցը:
Համալսարանի մի նախկին ուսանողուհի, հայ հայտնի ակադեմիկոսներից մեկի կինը, ով ցանկացավ, որ իր անունը չնշվի, վստահեցնում էր, որ թեև Մերկելը սովորել է Լենինգրադում, սակայն մի քանի անգամ եղել է Երևանում:

«Երևանում էր սովորում Մերկելի ընկերը, որի հետ նրանք հետագայում, կարծեմ, ամուսնացան: Անգելան գալիս էր Հայաստան մի երկու օրով: Այդ այցերից մեկի ժամանակ ես մի ամբողջ օր եմ անցկացրել նրա հետ: Պետք է ասեմ, որ չափից ավելի զուսպ ու համեստ աղջիկ էր: Հյուրերի համար հանրակացարանում առանձին սենյակ կամ մահճակալ չկար: Բայց նա կարող էր քնել ուղղակի գետնին: Գերմանացի ուսանողներն իրենց հետ ուսապարկեր ունեին, որոնց մեջ փաթաթված սպունգի նման քնապարկեր կային: Նա քնում էր այդ քնապարկի մեջ, հենց գետնի վրա, իր ընկերոջ սենյակում»:

Թե քանի անգամ է Անգելա Մերկելը եղել Հայաստանում, մեր զրուցակիցը չգիտի: «Միշտ չէ, որ ես տեղեկացված եմ եղել նրա այցի մասին, բայց գիտեմ, որ առնվազն երկու անգամ եկել է: Հնարավոր է, որ էլի է եկել, բայց ես չեմ իմացել»,- ասում է նա:
Իսկ արդյո՞ք իր ճանաչած Անգելա Մերկելը հենց այն Անգելա Մերկելն է, որը 30 տարի անց պետք է դառնար Գերմանիայի կանցլեր: Մեր զրուցակիցը դրանում առավել, քան վստահ է. «Ես կապ եմ պաշտպանում Հայաստանում սովորած գերմանացի ուսանողների հետ, հատկապես աղջիկների հետ, որոնք պարբերաբար այցելում են Հայաստան: Այնպես որ, ոչ մի շփոթություն չի կարող լինել»:

Արդյո՞ք Անգելա Մերկելը հիշում է, որ ինքը եղել է Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում, թե՞ իր համար Երևանն էլ այնպիսի մի խորհրդային քաղաք է եղել, ինչպես մյուս խորհրդային քաղաքները, որտեղ նա եղել է:  Կան տեղեկություններ, որ Մերկելը բավական լավ հիշում է Հայաստանը և նույնիսկ մտադիր է կրկին այցելել Հայաստան: Մեր աղբյուրները վստահեցնում են, որ  միջազգային խորհրդաժողովներից  մեկի ժամանակ նա խոսել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, պատմել, որ ուսանողական տարիներին եղել է Երևանում, և հույս հայտնել, որ հնարավորության դեպքում կրկին կայցելի Հայաստան:

Տեսանյութեր

Լրահոս