«Եթե Քոչարյանը եկավ վարչապետ, ամբողջ ժողովրդով` լացակումած, կգնան «կընտրեն» իրեն նախագահ»

Քաղաքական գործիչ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ միավորված ընդդիմության առաջնորդ:

«Ռ. Քոչարյանը գնդակահարել է անմեղ 10 մարդու, Երևանի փողոցներում արյուն է թափել ու դրա համար պետք է սուս ու փուս իր տեղը մնա, շատ հանգիստ, ու մտածի այն ցուցակի մասին, որը վերջերս Ռուսաստանում տպվեց: Տպվեց, իմ կարծիքով, Բաղրամյան 26-ի միջնորդությամբ: Ավելի լավ է՝ Քոչարյանը սրա մասին մտածի, դա շատ ավելի լավ կլինի, քան թե մտածի՝ իշխանության գա կամ նման ուրիշ հույսեր փայփայի: Մի անգամ եկավ՝ տեսանք՝ ինչ եղավ…»,- ասում է Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գ. Եղիազարյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը, հեռակա բանավեճը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, ապա, ըստ Եղիազարյանի՝ Քոչարյանն անհանգստացած է, որ գործող իշխանությունը երկիրը տանում է կործանման, «իսկ եթե սրանցից ձերբազատվենք՝ անմիջապես ի հայտ կգան Քոչարյանի թալանի դեպքերը, չհաշված՝ Մարտի 1-ի սպանությունները, ռազմական հեղաշրջումը»:

«Քոչարյանն իր մասին ա մտածում, բա ի՞նչ անի, չմտածի՞ իրա մասին: Երկիրը կործանվում ա… եթե գնաք ցանկացած դպրոցականի հարցնեք՝ կասեն, որ էս երկրից բան չմնաց, ու Քոչարյանն էլ Հայաստանում ա ապրում, տեսնում ա, որ երկիրը կործանվում ա, ու իր վաղվա օրվա մասին ա մտածում»:

Կարդացեք նաև

Գ. Եղիազարյանը համաձայն է այն կարծիքների հետ, որ վարչապետին քննադատելով՝ Քոչարյանը ցանկություն ունի նշանակվել այդ պաշտոնում: «Դա ամենակարճ ճանապարհն է՝ դեպի իշխանություն: Եթե Քոչարյանը եկավ վարչապետ, շատ արագ ռեսուրսները կհավաքի իր բռունցքի մեջ և 97 տոկոսով, շատ հանգիստ, ամբողջ ժողովրդով՝ լացակումած, կգնան «կընտրեն» իրեն նախագահ: Ամեն ինչ շատ հեշտ ա, էնքան որ, վարչական ռեսուրսը ձեռքը լինի: Կարծում եմ՝ վերադառնալու քայլերն անում է»,- ասաց Եղիազարյանը:

Պատասխանելով այն հարցին էլ, թե Քոչարյանի վերադառնալու դեպքում ընդդիմությունն ի՞նչ կեցվածք պետք է ընդունի՝ սատարի՞ նրան, թե՞ պայքարի նրա դեմ, Եղիազարյանը նշում է. «Ես համարում եմ, որ ընդդիմության առանցքը ՀԱԿ-ն է: Համախմբվել է պետք ՀԱԿ-ի, Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ և մտածել մեր ազգի ապագայի, պետականության ապագայի համար»:

Մեր ճշտող հարցին՝  Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը չե՞ն կարող միմյանց հետ համագործակցել, Գ. Եղիազարյանը  պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ նման բան կլինի»: Ի պատասխան մեր դիտարկմանը՝ Քոչարյանի անունը կապվում է ԲՀԿ-ի հետ, ում հետ ՀԱԿ-ն էլ համագործակցում է, ինչո՞ւ հնարավոր չի համարում Տեր-Պետրոսյան-Քոչարյան համագործակցությունը, Գ. Եղիազարյանն արձագանքեց. «Մարտի 1-ի արյան պատճառով, որը դեռ փողոցներում է, դեռ չի չորացել»:

Տեսանյութեր

Լրահոս