
Հարություն Բերբերյանը՝ Տիգրան Սարգսյանի և թուրք ազգայնամոլի լուսանկարի մասին

Թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տեղադրել Հայաստան այցից: Նա Երևանում լուսանկարվել է թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր»կազմակերպության խորհրդանիշով և տեղադրել այն ֆեյսբուքյան իր էջում: Ավելի ուշ լրատվամիջոցներում լուսանկարներ տեղադրվեցին, որտեղ թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը լուսանկարվել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանն ասաց, թե թուրք ազգայնականը միջոցառումներից մեկի ժամանակ խնդրել է վարչապետ Տիգրան Սարգսյանին նկարվել իր հետ:
«Վարչապետը օրվա մեջ մասնակցում է տարբեր միջոցառումների և տարբեր միջոցառումների ժամանակ, ինչու չէ՝ նաև փողոցում, լինում են մարդիկ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, ովքեր մոտենում են և խնդրում են լուսանկարվել վարչապետի հետ:
Հասան Օքթայի հետ որպես այդպիսին հանդիպում չի եղել, պարզապես ինչ-որ միջոցառման ժամանակ նա մոտեցել ու խնդրել է նկարվել Տ. Սարգսյանի հետ. այդքան բան: Փորձել շահարկել, ինչ-որ մարդկանց հիվանդ երևակայությամբ քննադատել, արդեն անիմաստ է»,- նշեց վարչապետի խոսնակը:
Լուսանկարը՝ yerkir.am-ի