Էդվարդ Նալբանդյանը հորդորում է աշխարհին «ասեղի անցքից» չնայել
«Ես լսել եմ այն կարծիքները, թե պետք չէ գնալ մի երկիր, որովհետև դա հանկարծ կարող է հրահրել ինչ-որ երրորդ երկրի»,- այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպման ժաանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, թե Հայաստանի պաշտոնյաները այցելում են աշխարհագրորեն շատ հեռու պետություններ:
Նա նշեց, թե ինքը քննադատություններին ուշադրությամբ ու հարգանքով է վերաբերում, թեև ոչ միշտ է, որ, ըստ նախարարի, քննադատողները իրավացի են լինում: Նա հիշեցրեց, որ 2008 թվականից սկսած՝ Հայաստան է այցելել 40 պետության ղեկավար, ՀՀ նախագահը 100-ից ավելի այցելություններ է ունեցել արտերկիր, արտգործնախարարների մակադակով Հայաստան են այցելել 120 հոգի, իսկ ՀՀ արտգործնախարարն ունեցել է 200-ից ավելի այցելություն:
«Մի կողմից քննադատում են, որ մեկուսացման մեջ ենք, հետո էլ ասում են, որ ընդհանրապես պետք չէ գնալ այլ երկրներ, պետք չէ դեսպանություններ բացել: Մի բան պարզ է՝ դիվանագիտությունը իրականացվում է այցելությունների, բանակցությունների, հանդիպումների, պայմանագրերի, միջազգային կառույցների հետ հարաբերւթյամբ և այլն: Այդ քննադատությունների մեջ հակասություն կա: Մեկ լսում էինք, որ քննադատում էին, թե ինչ-որ մի երկրի հետ վատացել են հարաբերությունները, հետո մի ժամանակ անց աղմուկ են բարձրացնում, որ չափազանց սերտացել են այդ նույն երկրի հետ հարաբերությունները»,- ասաց նախարարը:
Նա հորդորեց աշխարհին չնայել ասեղի անցքից, ապա ասաց. «Ասում են, թե ինչ-ինչ երկիր, ոչ կարևոր… սա անհեթեթ մոտեցում է: Պետք չէ աշխարհին նայել ասեղի անցքից: Սա է: Քննադատություններին ուշադրությամբ եմ վերաբերում, բայց այն քննադատությունները, որոնց մասին հիշատակեցիք, իրար հակասող էին, իարարարմերժ, տրամաբանությունից հեռու»: