
Իսրայելը վրեժխնդիր է եղել Արիել Շարոնի հուղարկավորման օրը երկրի տարածքի հրթիռակոծման համար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի ռազմաօդային ուժերն այսօր ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածին՝ սպանելով պաղեստինցի երկու զինյալի, որոնք չղեկավարվող հրթիռներ են արձակել Գազայի հատվածից:
Պաղեստինյան աղբյուրներով՝ սպանվել են «Իսլամական ջիհադ» խմբավորման անդամները, որոնք անտեսում են 2012 թվականին Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը: Իսրայելական կողմը, սակայն, հայտարարել է, որ սպանվածները հանդիսանում են «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի» անդամներ:
Իսրայելական կողմի տվյալներով՝ ոչնչացված զինյալները պատասխանատվություն են կրում Գազայի հատվածից հրթիռի բազմաթիվ հարվածներ հասցնելու համար: Դա նաև վերաբերում է հունվարի 13-ին Իսրայելի տարածքը հրթիռակոծելուն. այդ օրն Իսրայելում հուղարկավորել են նախկին վարչապետ Արիել Շարոնին:
Իսրայելական կողմի այսօրվա հարվածը հասցվել է այն բանից մեկ օր անց, ինչ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացավ դաս տալ ՀԱՄԱՍ-ին ու Իսրայելի հրետակոծությամբ զբաղվող մյուս խմբավորումներին: