
Ադրբեջանն ամփոփել է 2013 թվականին իր ռազմական արդյունաբերության գործունեությունը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ 2013 թվականին Ադրբեջանում պաշտպանական նշանակության արտադրանքի ծավալն աճել է 3.7 տոկոսով՝ համեմատած 2012 թվականի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:
Ամփոփելով 2013 թվականի արդյունքները՝ Ջամալովը հայտարարել է, որ արտադրվող զինատեսակների քանակն արդեն իսկ անցել է 900-ից: Նրա խոսքերով՝ նախորդ տարի ավարտվել է 107 միլիմետր տրամաչափի, 12 փողանի համազարկի ռեակտիվ համակարգի ստեղծումը, որը ներկայացվել է զանգվածային արտադրության:
Նախորդ տարի ավարտվել է նաև 120 միլիմետր տրամաչափի ականների ու թափանցիկ փամփշտակալների ստեղծումը, ավարտվել են БРДМ-2 և БТР-70 զրահատրանսպորտների փորձարկումները, որոնք հանձնվել են ուժային կառույցներին:
Պատրաստվել ու փորձարկվել են ավիառումբեր, որոնք արդեն իսկ պատրաստ են զանգվածային արտադրման: Matador ու Marauder զրահամեքենաների վրա տեղադրվել են մարտական մոդուլներ՝ 14.5 միլիմետր տրամաչափի գնդացիրներով: Փորձարկվել ու պատվիրատուներին են հանձնվել Orbiter-2M անօդաչու թռչող սարքերը:
Ջամալովը հայտարարել է, որ եթե 2009 թվականին Ադրբեջանը ռազմական ցուցահանդեսին իր առաջին մասնակցության ժամանակ ներկայացրել է 27 անուն արտադրանք, ապա նախորդ տարի Թուրքիայում ներկայացրել է 130 անուն արտադրանք:
Այդ ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրեվել են Yalquzaq դիպուկահար հրացանը, 7.62 միլիմետր տրամաչափի HP գնդացիրը, հատուկջոկատայինների Gürzə պարեկային մեքենան: