Թուրքիան դավաճանել է Սիրիային՝ օգնելով ահաբեկիչներին. Սիրիայի արտգործնախարար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմն այսօր «Ժնև 2» միջազգային կոնֆերանսի ժամանակ Թուրքիայի իշխանութուններին մեղադրել է Սիրիայում պատերազմող ահաբեկիչներին օգնելու և Սիրիային դավաճանելու մեջ.

«Այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, երբեք տեղի չէր ունենա, եթե մենք ունենայինք դաշնակից հարևան: Այն պահին, երբ Սիրիան կարիք ուներ օգնության, նա իր հարևաններից հարված ստացավ թիկունքին կամ էլ նրա հարևանները լռություն պահպանեցին՝ ձեռքերը պահելով ծալած վիճակում:

Այդ ամենը տեղի չէր ունենա, եթե չլիներ Էրդողանի կառավարությունը, որն ահաբեկիչներին թույլ տվեց մուտք գործել իր տարածք: Այդ կառավարությունը պատրաստում է ահաբեկիչներին, որոնք գործում են Սիրիայում: Նրանք չգիտեն, որ կգա ժամանակ, և դա կշրջվի իրենց իսկ դեմ»:

Մուալեմն ահաբեկիչներին ֆինանսավորելու ու հովանավորելու մեջ մեղադրել է նաև այլ երկրների, որոնք մասնակցում են «Ժնև 2» կոնֆերանսին: Մուալեմը կեղծիք է անվանել արևմտյան ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, որոնցում խոսք է գնում Բաշար Ասադի կառավարության ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին:

Մուալեմը Ջոն Քերիին հիշեցրել է, որ ոչ ոք իրավունք չունի հայտարարել, որ այս կամ այն կառավարությունը լեգիտիմ է կամ ոչ: Նա ընդգծել է, որ միայն սիրիացիներն իրավունք ունեն հստակեցնել իրենց երկրի ապագան: Նշվում է, որ Մուալեմի ելույթը բավական տևական է ստացվել, ինչի համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ստիպված է եղել ընդհատել նրա ելույթը:

Տեսանյութեր

Լրահոս