
Ալեքսանդր Շյուց. Հայաստանը ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում, ինչը մարդկանց կապահովի երկարատև սոցիալական և տնտեսական կայունություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների գործընթացին մասնակցելու համար: «Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ և համոզված ենք, որ միասին լավ աշխատանք ենք իրականացնելու: Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը մեր կողմից խորապես գիտակցված որոշում է: Մեր նպատակը՝ 21-րդ դարի մարտահրավերներին ադեկվատ պատասխան տալն է»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Հյուրերը բարձր են գնահատել կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ կառավարության գործունեությունն ու նպատակաղմվածությունը, և պատրասատակամություն հայտնել օժանադակել այդ աշխատանքներին: Նշելով, որ իրենց ներկայացրած ընկերությունը Եվրոպայում համարվում է առաջատարներից և խոշորագույններից մեկը՝ «Ցե-Կվադրատ AG»-ի հիմնադիր Ալեքսանդր Շյուցը նշել է, որ տպավորված են կենսաթոշակային բնագավառում խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կայացրած ճիշտ որոշումից: «Հայաստանը ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում, ինչը մարդկանց կապահովի երկարատև սոցիալական և տնտեսական կայունություն»,- ասել է Շյուցը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը կնպաստի նաև երկրում քաղաքացիական հասարակության ձևավորմանը: «Ունենալու ենք 270 հազար պատասխանատու քաղաքացիներ, որոնք վերահսկելու են ոչ միայն իրենց անհատական հաշիվները, այլև ֆոնդերի կառավարիչներին և կառավարությանը»,- ասել է վարչապետը:
Այնուհետև կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցությանն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերին: