ՌԴ-ն անպատասխան է թողել Սոչիում անվտանգության ապահովման հարցում համագործակցելու մասին Վրաստանի առաջարկը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ պաշտոնական Թբիլիսին Ռուսաստանից չի ստացել Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում համագործակցելու մասին իր առաջարկի պատասխանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Նրա խոսքերով՝ այդ առաջարկը ռուսական կողմին արել է վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Փանջիկիձեն չի բացառել, որ Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ կարող են գրանցվել չնախատեսված իրադարձություններ, ինչպես որ ցույց է տվել օլիմպիական խաղերի պատմությունը:
Փանջիկիձեն որևէ հատուկ բան չի տեսնում նրանում, որ ռուսական կողմը օլիմպիական խաղերի կապակցությամբ խստացնում է անվտանգության միջոցառումները, սակայն նկատել է, որ դա չպետք է արվի այլ երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խախտման հաշվին.
«Եթե օլիմպիական խաղերից հետո պահպանվի տվյալ իրավիճակը, ապա մեր հայտարարությունը կլինի կտրուկ և մենք ավելի ակտիվ դրանում կներգրավենք միջազգային հանրությանը, որպեսզի դատապարտվեն այդօրինակ գործողությունները»:
Փանջիկիձեի խոսքերով՝ Վրաստանն արդյունավետորեն է աշխատում Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման ուղղությամբ՝ հավելելով, որ իրենք այդ կապակցությամբ մի քանի առաջարկ են արել Ռուսաստանին, սակայն նրանից դեռ չեն ստացել կոնկրետ պատասխան:
Նշվում է, որ օլիմպիական խաղերի անվտանգութան հետ կապված՝ Ռուսաստանը Պսոուի սահմանային գոտին ընդլայնել է 11 կիլոմետրով: