
Նյու Յորքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել «Յանուս» ձյունահողմի պատճառով

Weather հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Նյու Յորք նահանգի 5 շրջաններում հայատարարվել է արտակարգ իրավիճակ, ինչի պատճառն ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան ծովափին մոլեգնող «Յանուս» ձյունահողմն է: Վերջինիս գոտում հայտնվել է մոտ 56 միլիոն մարդ:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով երեկ ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարվել ավելի քան 3000 չվերթ: Այսօր կփակվեն Նյու Յորքի ու նրա շրջակայքում գտնվող օդանավակայանների մեծ մասը: Իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել առատ ձյան ժամանակ չլքել իրենց տները և չօգտվել անձնական տրանսպորտից:
ԱՄՆ-ի գործարար մայրաքաղաքում դադարեցվել է անգամ աղբահանությունը, որպեսզի տիրույթն ազատվի ձյուն մաքրող տեխնիկայի համար, տվյալ գործին մեգապոլիսում լծվել է մոտ 450 համապատասխան մեքենա: Նյու Յորքի մետրոպոլիտենը գործում է իր ոչ բնականոն ռեժիմով: