2013 թվականին մարդու իրավունքների վիճակն է՛լ ավելի է վատթարացել Ադրբեջանում. Human Rights Watch

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ իր տարեկան 24-րդ զեկույցը, որում խոսք է գնում աշխարհի ավելի քան 90 երկրում ու տարածքում մարդու իրավունքների շուրջ իրավիճակի մասին:

Ադրբեջանի հետ կապված՝ զեկույցում նշված է, որ 2013 թվականին Ադրբեջանում էլ ավելի է վատթարացել մարդու իրավունքների, ազատ արտահայտվելու շուրջ իրավիճակը, ինչն իր գագաթնակետին է հասել 2013 թվականի հոկտեմբերին՝ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների շեմին:

Զեկույցում նշված է, որ Ադրբեջանի իշխանությունները կեղծ մեղադրանքներով կալանավորել են տասնյակ քաղաքական ակտիվիստների, քննադատող լրագրողների, ինչպես նաև ընդունել են քաղաքացիների հիմնարար ազատությունները սահմանափակող օրենքներ:

Այդ ամենն իրականացվել է Իլհամ Ալիևի կողմից ձայների 84.5 տոկոսով նախագահական երրորդ ժամկետով ընտրվելու ֆոնին: Զեկույցում նշված է, որ նախորդ տարի Ադրբեջանի իշխանություններն իրենց գործունեությունը քննադատողների դեմ կիրառել են աննախադեպ միջոցներ:

2013 թվականին Ադրբեջանի իշխանությունները 23 քաղաքական ակտիվիստի, լրագրողի, բլոգերի ու իրավապաշտպանի դեմ ներկայացրել են կեղծ մեղադրանքներ թմրանյութեր, զենք պահելու, խուլիգանության և անգամ դավաճանության մասին: HRW-ը կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն նրանց և դադարեցնեն քաղաքական համոզմունքների համար մարդկանց հալածելը:

Տեսանյութեր

Լրահոս