Չինաստանը մոտ ժամանակներս կսկսի իր երկրորդ ավիակրի կառուցումը
Jane’s-ի փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս Չինաստանը կսկսի իր երկրորդ ավիակրի կառուցումը: Ներկա դրությամբ Չինաստանն ունի միայն մեկ ավիակիր՝ «Լյաոնին» (նախկին «Վարյագ»):
Այս մասին հայտարարել է Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչ Վան Մինը: Վերջինիս խոսքերով՝ ընդհանուր առմամբ Չինաստանը սպառազինության կվերցնի 4 ավիակիր:
Երկրորդ ավիակրի կառուցումն իրականացվելու է Լյաոնին նահանգի Դալյան նավաշինարանում, ուր ավելի վաղ վերակառուցվել ու արդիականացվել էր 1998 թվականին Ուկրաինայից գնված «Վարյագ» ավաիակիրը: Ակնկալվում է, որ Դալյանում կառուցվելու են «Լյաոնինի» նման ավիակիրներ: Չինական ավիակրի կառուցումը կպահանջի մոտ 6 տարի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ չինական նոր ավիակիրները կդառնան ավիակրային խմբավորումների հիմքը, որոնցից առաջինը պլանավորված է «Լյանոնինի» բազայի հիման վրա ծավալել մինչև 2016-2017 թվականները: Ներկա դրությամբ «Լյանոնինը» տարբեր փորձարկումներ է անցնում Չինաստանի ռազմածովային ուժերի կազմում: