Արտյոմ Մովսեսյանը տեղյակ չէ «Արմավիայի» պարտքերից
ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը տեղյակ չէ, թե անցած տարի ինքն իրեն սնանկ հայտարարած «Արմավիա» ավիաընկերությունն ում և ինչքան պարտք ունի: 168.am-ին նա խորհուրդ տվեց այդ հարցով դիմել հենց ավիաընկերությանը: Ա.Մովսեսյանը վստահեցրեց, թե Քաղաքացիական ավիացիայի վարչության հարաբերություններն «Արմավիայի» հետ եղել են ավիացիոն անվտանգության և թռիչքային անվտանգության թեմաներով, այսինքն՝ այն, ինչ վերաբերում է Քաղավիացիայի գործառույթներին, իսկ ֆինանսատնտեսական հարաբերությունների գործառույթներ ՀՀ կառավարության և «Արմավիայի» միջև կնքված պայմանագրում և Քաղավիացիայի կանոնադրությամբ նախատեսված չեն:
«Պարտատերերից ոչ մեկը սնանկացման հայցով չի դիմել դատարան: Կարծում եմ՝ հույսեր են փայփայում, որ «Արմավիան» ռեսուրսներ կարող է ունենալ և կամաց-կամաց կտա պարտքերը: Եթե սնանկացման գործընթաց գնա, դա լրիվ այլ մեխանիզմով է գնալու, հետևաբար՝ փողերի վերադարձը պարտատերերին կարող է շատ հետ ընկնել: Իրենք մտածում են, երևի, որ առանց նման խաղերի՝ «Արմավիան» որոշակի ռեսուրսների հաշվին կվերադարձնի պարտքերը»,- ասաց Ա.Մովսեսյանը՝ միաժամանակ նշելով, որ չգիտի, թե ավիաընկերությունն ինչ ռեսուրս ունի:
Վարչության պետի խոսքով՝ ընդհանրապես, որևիցե մասնավոր սուբյեկտի հետ կապված, ոչ միայն «Արմավիայի», պետությունը պարտավորություն չի կրում, և տվյալ դեպքում՝ ավիաընկերության պարտքերը բյուջեից չեն մարվելու. «Այսինքն՝ մարդիկ իրենց կամքով և իրենց ֆինանսական ռիսկերով գնացել են, պայմանագրեր են կնքել, կառավարությանն էլ չեն հարցրել»:
Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ «Արմավիան» մինչև հիմա չի դիմել դատարան սնանկ ճանաչվելու համար, արդյոք անձամբ Ա.Մովսեսյանը հավանական համարո՞ւմ է, որ ավիաընկերությունը կվերսկսի գործունեությունը, նա պատասխանեց. «Ոչ: Վերադառնալու համար պետք է այդ ամբողջ պարտքերը վերադարձնի: Եթե այդ պարտքերի պատճառով դադարեցրել է գործունեությունը, հնարավոր չէ, որ ինքն այդ պարտքերը վճարի, որ նորից գա դաշտ»: