Այկազյանը Վաշինգտոնը գերադասել է Փարիզից
Փետրվարին նախատեսված Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի թեմի առաջնորդի ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգվում են: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այդ ընտրությունները նշանակված էին այս տարվա փետրվարին և պետք է տեղի ունենային Փարիզի Ժան Գուժանի մայր եկեղեցում՝ համայնքային 54 պատվիրակների մասնակցությամբ: Եկեղեցական այս պաշտոնը թափուր էր մնացել անցյալ տարվա հուլիսի մեկից, երբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին իր հրաժարականի դիմումը ներկայացրեց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը:
Ընտրությունների հետաձգման պատճառն այն է, որ երկրորդ փուլ անցած թեկնածուներից մեկը Վաշինգտոնի հոգևոր հովիվ Վիգեն սրբազան Այկազյանը մոտ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ից ժամանել է Փարիզ և իր հրաժարականի դիմումը ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի թեմի առաջնորդի տեղապահ Մեսրոպ վարդապետ Պարսամյանին, ով նաև Մարսելի թեմի հոգևոր հովիվն է:
Այկազյանի հրաժարականը խիստ տարօրինակ է թվում, քանի որ հենց նա էր համարվում հաղթող թեկնածուն, ըստ եկեղեցական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների՝ հենց նրան էր նախապատվությունը տալիս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Թե ինչու է Այկազյանը որոշել հրաժարվել, տեղի Ֆրանսիայի հայերը կարող են միայն ենթադրել: «Երբ մենք իմացանք, որ Սրբազան հայրը ժամանել է Փարիզ, մտածեցինք, որ նա եկել է ընտրությունների ընթացքը կազմակերպելու և դրան հետևելու նպատակով:
Սակայն շատ շուտով տեղեկացանք, որ նա ընդհանրապես հրաժարվում է մասնակցել ընտրություններին, ինչն իսկապես ցավալի է, բայց ինչ-որ տեղ՝ բացատրելի: Արևմտյան Եվրոպայի և Ֆրանսիայի թեմը բազմաթիվ խնդիրներ ունի, ընդհանրապես Եվրոպական մայրցամաքում հիմա խառը ժամանակներ են, և երևի պետք է մտածել, որ Սրբազան հայրը գերադասել է Վաշինգտոնի իր համար ծանոթ ծառայությունը, քան գալ և մտնել բազմաթիվ խնդիրներով ու հակասություններով թեմի մեջ»,- ասում է փարիզաբնակ մեր զրուցակիցը:
Այկազյանի հրաժարականից հետո մնում են ևս երկու թեկնածուներ, ովքեր անցել են երկրորդ փուլ. Նրանք են Զատիկ վարդապետ Ավետիքյանը, ով Բելգիայի թեմի հոգևոր առաջնորդն է,և Նիցցայի և հարակից շրջանի հոգևոր հովիվ Գրիգոր աբեղա Խաչերյանը: Սակայն պարզվում է, որ անկախ երկու թեկնածուների գոյությունից, ընտրությունը պետք է չեղյալ հայտարարվի, քանի որ, ըստ գործող ընտրակարգի՝ պատվիրակները պետք է ընտրություն կատարեն երեք թեկնածուների և ոչ թե՝ երկուսի միջև: Իսկ դրա համար պետք է, որ հայտարարվեն նոր ընտրություններ, նոր թեկնածություններ առաջադրվեն, դրանցից ընտրվեն երեք թեկնածուներ, որոնք էլ կմասնակցեն ընտրությունների վերջնական փուլին:
Ֆրանսիայի մեր աղբյուրները հայտնում են, որ ըստ ամենայնի՝ նոր ընտրություններ մոտ ժամանակներս չեն նշանակվի: Պատճառն այն է, որ համայնքն ուզում է թեմի առաջնորդ տեսնել ներկայիս տեղապահ Մեսրոպ վարդապետ Պարսամյանին, ով իր թեկնածությունը նախորդ ընտրություններում չէր առաջադրել միայն այն պատճառով, որ 35 տարեկան չէր և չէր կարող հավակնել թեմի առաջնորդ ընտրվելուն: Սակայն այս տարի լրանում է նրա 35-ամյակը, և եթե ընտրությունները հետաձգվեն մի քանի ամիս, ապա նա լիովին ի վիճակի կլինի մասնակցել ընտրություններին և ընտրվել Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի թեմի առաջնորդ: