Բաժիններ՝

Ոչ իշխանական ուժերը խորհրդակցեցին. միավորումը չեն բացառում

Ազգային ժողովում այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել օրենսդիր մարմում ներկայացված ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները:

«ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը համագործակցությունը շարունակելու ուղիներ են փնտրում», – հանդիպումից հետո «Ազատության» հետ զրույցում փոխանցել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը: – «Աշխատանքային խորհրդակցության նպատակը այն է, որպեսզի կարողանանք շարունակել մեր համագործակցությունը: Որոշակի հարցերի շրջանակ ճշտեցինք, և պետք է այդ հարցերի շրջանակը քննարկվի համապատասխան խմբակցություններում, կուսակցություններում, և հաջորդ նիստի ժամանակ արդեն կոնկրետ կառանձնացվի այն հարցը կամ այն հարցերի շրջանակը, որը մենք պետք է միասնական համագործակցությամբ իրականացնենք»:

Նրա խոսքով` առաջ շարժվելու համար մի այնպիսի հարցի շուրջ է անհրաժեշտ միավորվել, որը և’ հասարակական պահանջն է, և’ ընդունելի է չորս ուժերի համար: Իր համար այդպիսի հարց է, օրինակ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելը, որի շուրջ միավորումը կայացավ. – «Այն հարցն էր դրված օրակարգում, որը որևէ տարակարծություն չէր առաջացնի և’ քաղաքացիական նախաձեռնությունների շրջանակում, և’ ոչ իշխանական ուժերի, համոզված եմ նաև`ոչ խորհրդարանական ուժերի: Մեր խնդիրն է, որպեսզի գտնենք այդ հարցերը»:

«Ժառանգության» ներկայացուցիչն ասել է, որ ոչ միայն խորհրդարանում են գործելու, այլ նաև հանրահավաքներն են դիտարկում որպես պայքարի միջոց:

«Ազատության» հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը դիտարկում է իշխանափոխության հարց բարձրացնելու հեռանկարը ոչ իշխանական ուժերի քննարկումների ժամանակ, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան արձագանքեց, թե իշխանափոխության հարցը ՀԱԿ-ի ծրագրի անբաժան մասն է և այն խորհրդակցությունների ժամանակ բարձրացնում են:

Իսկ Ռուբեն Հակոբյանը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե չի կարծում, որ «որևէ լուրջ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ հանրապետությունում ստեղծված այս ծայրագույն վիճակի հիմնական մեղավորը պետք է փնտրի կառավարության մեջ»: Պատգամավորի գնահատմամբ` խնդիրը ձևավորված համակարգի մեջ է, որը միանձնյա ղեկավարում է ՀՀ նախագահը: Ենթադրաբար, այս տեսակետը Հակոբյանը նաև քննարկումների ընթացքում է բարձրացնում: Այնինչ նույն քննարկումներին մասնակցող Դաշնակցությունը, որը կառավարությանն անխնա քննադատում է, բայց Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չի բարձրացնում: Իսկ «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը իրադարձություններից առաջը չընկնելու կոչ է անում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս