Մոմավառություն ի հիշատակ հայ զինվորի (տեսանյութ). ԳԱԼԱ
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված Արմեն Հովհաննիսյանի դին այսօր բերվել է տուն՝ զինվորական շարասյան ուղեկցությամբ։ Արմեն Հովհաննիսյանի դին հողին կհանձնվի վաղը Եռաբլուրում։ Իսկ այսօր երեկոյան ի հիշատակ Արմենի տեղի է ունեցել մոմավառություն: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ն:
Հիշեցնենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի շարք օգտատերեր գրառում են տարածել, որով տեղեկացնում են, որ այսօր ժամը 18:00-ին մոմավառություն են անցկացնելու՝ ի հիշատակ զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի: «Այսօր` ժամը 18:00-ին, Ավան վարչական շրջանի 14-րդ փողոց, 8-րդ տուն հասցեում տեղի կունենա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը, ով հերոսաբար զոհվեց իրեն հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը` պահելով դիքերը և այդ կերպով փրկեց իր ընկերներին, իսկ գուցե նաև բոլորիս: Հերոսներն այսպիսին են լինում: Այսօր այն օրն է, երբ մենք բոլորս մի մարդու պես պետք է մասնակցենք հոգեհանգստի արարողությանը ու պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք դեռ կյանք չմտած, բայց արդեն հերոսի մահով ընկած կրտսեր սերժանտին: Թող թշնամին իմանա, որ մենք` հայերս, պատրաստ ենք ազգովի ոտքի կանգնել հանուն մեր զինվորի: Բերեք այսօր Ձեզ հետ մեկական մոմ ու մոմավառությամբ կհիշատակենք մեր հերոս զինվորին: Մահն իմացյալ` անմահություն է… Հավերժ փառք մեր հերոսին»,- ասված է տարածած գրառման մեջ: