Մոմավառություն՝ ի հիշատակ զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի
Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի շարք օգտատերեր գրառում են տարածել, որով տեղեկացնում են, որ այսօր ժամը 18:00-ին մոմավառություն են անցկացնելու՝ ի հիշատակ զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի:
«Այսօր` ժամը 18:00-ին, Ավան վարչական շրջանի 14-րդ փողոց, 8-րդ տուն հասցեում տեղի կունենա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը, ով հերոսաբար զոհվեց իրեն հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը` պահելով դիքերը և այդ կերպով փրկեց իր ընկերներին, իսկ գուցե նաև բոլորիս:
Հերոսներն այսպիսին են լինում: Այսօր այն օրն է, երբ մենք բոլորս մի մարդու պես պետք է մասնակցենք հոգեհանգստի արարողությանը ու պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք դեռ կյանք չմտած, բայց արդեն հերոսի մահով ընկած կրտսեր սերժանտին:
Թող թշնամին իմանա, որ մենք` հայերս, պատրաստ ենք ազգովի ոտքի կանգնել հանուն մեր զինվորի: Բերեք այսօր Ձեզ հետ մեկական մոմ ու մոմավառությամբ կհիշատակենք մեր հերոս զինվորին:
Մահն իմացյալ` անմահություն է…
Հավերժ փառք մեր հերոսին»,- ասված է տարածած գրառման մեջ: