Ալեքսանդր Բոժկոն` Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նախկին արտակարգ և լիազոր դեպան Ալեքսանդր Բոժկոն այսօր տեսազանգի միջոցով միացել էր Երևանի «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը,  որը նվիրված էր Ուկրաինայում շարունակվող բողոքի ակցիաներին և բախումներին: Ալեքսանդր Բոժկոն կարծիք հայտնեց, որ Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը մեծամասամբ կախված է իշխանություններից: Սակայն նա միաժամանակ չհամաձայնեց այն տեսակետին, թե ընդվզած ժողովուրդը հիասթափվել է ընդդիմության քաղաքական ղեկավարներից, ինչի հետևանքով իշխանության դեմ պայքարը ծայրահեղական բնույթ է ստացել:

«Ըստ իս` դեռևս սպառված չեն բոլոր հնարավորությունները, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծվեն այն խնդիրները, որ այսօր կան մեր հասարակութան մեջ»,- ասաց Ա. Բոժկոն:

«Կովկասի» ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, հետաքրքրվեց Ալեքսանդր Բոժկոյից` արդյոք հնարավո՞ր է պառակտում Ուկրաինայի իշխանության ներսում:

ՀՀ-ում նախկին դեսպանը չտվեց հստակ պատասխան, սակայն ասաց, թե Ուկրաինան գործ ունի «երկու Յանուկովիչների» հետ:

«Մի Յանուկովիչի մենք ճանաչում էինք մինչև Վիլնյուսի գագաթաժողովը, այդ Յանուկովիչի հետ կարելի էր բանակցել և փորձել մի բանի հասնել: Եվ մենք բոլորս տեսանք` ինչպես էին Եվրոպայից, ԱՄՆ-ից գալիս ներկայացուցիչներ, որպեսզի, վերջիվերջո, օգնեն լուծել հասարակության խնդիրները… Ես նկատի ունեմ հայտնի պատմությունը` կապված Տիմոշչենկոյի հետ:

Հիմա մենք գործ ունենք մի ուրիշ Յանուկովիչի հետ, ով Ռուսաստանի նախագահի հետ ստորագրել է համապատասխան պայմանագրեր, և Ուկրաինան ստացել է այն ֆինանսական օգնությունը, որը Յանուկովիչին հնարավորություն է տալիս իրականացնել այն ծրագրերը, որոնց մանրամասները երևի թե միայն ինքը գիտի:

Մենք կարող ենք միայն ենթադրել` ինչպես նա կզարգանա` որպես քաղաքական գործիչ և Ուկրաինայի նախագահ: Եվ վախենում եմ, որ այն փաստերը, որոնց հետ գործ ունենք, այսինքն` լարված դրությունը Կիևում, Ուկրաինայում, այն չափազանց խիստ օրենքները, որ Գերագույն Ռադան ընդունեց (դուք գիտեք դրա մասին), և որոնք, փաստորեն, այդ իրադարձությունների համար կատալիզատոր դարձան… Եվ դա, ցավոք սրտի, վկայում է մի նոր Յանուկովիչի մասին: Եվ հիմա դժվար է ասել, թե ինչպես նա կվարվի իր,այսպես ասած, հակառակորդների` ընդդիմության հետ»,- ասաց Ալեքսանդր Բոժկոն:

Տեսանյութեր

Լրահոս