Սերբիան սկսել է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սերբիան ու ԵՄ-ն այսօր պաշտոնապես բանակցություններ են սկսել ԵՄ-ին Սերբիայի անդամակցության շուրջ:
Բանակցությունների մեկնարկը հնարավոր դարձավ Բելգրադի արձանագրած զգալի հաջողությունների շնորհիվ՝ կապված նրանից անջատված Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորման հետ:
Հենց դա էր հանդիսանում Բելգրադին Բրյուսելի ներկայացրած գլխավոր նախապայմանը՝ երկխոսություն սկսելու համար: Ընդհանուր առմամբ, կողմերը պետք է համաձայնեցնեն 35 «բանակցային գլուխ»:
Առաջին հերթին պետք է քննարկվեն ԵՄ-ի ու Սերբիայի դատական համակարգերի սինքրոնացման, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների հարցերը: Բանակցություններ սկսելը թեկնածու երկրին ամենևին էլ չի երաշխավորում ԵՄ-ին անդամակցություն:
Դա կարող է տևել բավական երկար (Թուրքիան բանակցում է 2005 թվականից և ցայժմ շոշափելի արդյունք չի գրանցել այդ գործընթացում – 168.am): ԵՄ-ին վերջինն անդամակցած Խորվաթիայից դա պահանջել է ավելի քան 8 տարի: Եթե Սերբիան անդամակցի ԵՄ-ին, ապա կդառնա ԵՄ-ի 29-րդ անդամը: