Բոլոր նախագահներին ժողովուրդը հարց ունի տալու
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի գնահատմամբ` լուրջ չեն: Մեզ հետ զրույցում Ռուբիկ Հակոբյանն, ի պատասխան այն հարցի, թե տեսնո՞ւմ է Ռ. Քոչարյանի վերադարձի հիմքեր, պատասխանեց, որ երկրորդ նախագահի ակտիվությունը հարցազրույցների տեսքով դեռ բավարար պայման չէ` նրա վերադարձի մասին խոսելու համար:
«Դա այն դաշտն է, որը, կարծում եմ… դա այնքան լուրջ թեմա չէ: Ո՞վ կարող է ենթադրել` նա ուզո՞ւմ է վերադառնալ, թե՞ ոչ: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, յուրաքանչյուր քաղաքացի, առավել ևս` ՀՀ նախագահները, իրավունք ունեն արտահայտել իրենց դիրքորոշումները և ասել, որ հարցազրույցների ակտիվությամբ Ռ. Քոչարյանն ուզում է վերադառնալ քաղաքականություն` բավարար պայման չէ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ Ռոբերտ Քոչարյանը գործող վարչապետին հարված է հասցնում ընդդիմադիր դիրքերից, Ռուբիկ Հակոբյանի խոսքով, դրանք ոչ թե քաղաքական, այլ` բարոյական գնահատականներ են: «Գիտեք` հարցն ավելի շատ բարոյական հարթության վրա է քննարկվում, քան քաղաքական: Բոլոր նախագահներին ժողովուրդը հարց ունի տալու` ստեղծված իրավիճակն ինչի՞ արդյունք է: Եվ բոլոր նախագահները պետք է պատասխանեն այդ հարցին, բացատրություն տան:
Բայց ասել, որ եթե նախագահը տեսակետ է հայտնում, ուրեմն վերադառնում է, կամ նման ցանկություն ունի, ճիշտ չէ. դա ոչինչ, քան ուշադրությունը շեղելու փորձ, որակել չի կարելի: Ես կարծում եմ` նրա վերադարձի մասին խոսակցություններն արհեստածին են…»,- հավելեց պատգամավորը:
Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցությունում տիրող իրավիճակին, պատգամավոր Թևան Պողոսյանի` մանդատը վայր դնելու մտադրության հայտարարությանը, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է կատարվում խմբակցությունում: Ի պատասխան` Ռուբիկ Հակոբյանն ասաց. «Նրանք, ովքեր քննարկում են Թևան Պողոսյանի` մանդատը վայր դնելու քայլը, բարոյական հարթության վրա սխալ են գործում: Թ. Պողոսյանը պատգամավոր է, այո, նա դիմում է գրել, որ ուզում է վայր դնել մանդատը, բայց դեռ վերջնական որոշում այս առումով չկա: Նա լավ պատգամավոր է, և ես կարծում եմ, որ պետք է շարունակի պատգամավորական գործունեությունը»:
Ռուբիկ Հակոբյանը կրկնեց, որ Թ. Պողոսյանը մանդատը վայր դնելու որոշումը կայացրել է` անձնական խնդիրներից ելնելով. «Ես պատճառից տեղյակ չեմ, այն, ինչ գրել էր Թևանը, որ կան ներխոհանոցային հարցեր, պետք է բավարարվել դրանով»: