
Սիրիայում արմատական իսլամականներն արգելել են ծխելն ու երաժշտություն լսելը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում գործող «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» (ISIL) ծայրահեղական խմբավորումը երեկ հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ծխելու ու երաժշտության վրա արգելք դնելու մասին:
Ծայրահեղականների ղեկավարությունն արձակել է հատուկ շրջաբերական, որում հրահանգել է դադարեցնել երաժշտական խտասկավառակների ու սարքերի վաճառքը, ինչպես նաև դադարեցնել ավտոմեքենաներում, խանութներում ու այլ տեղերում երաժշտություն լսելը: Փաստաթղթում պարզաբանում է տրված, որ երաժշտությոնը «մարդկանց շեղում է Ալլահին երկրպագելուց ու Ղուրան կարդալուց»:
Մեկ այլ հրահանգով Սիրիայի բնակիչներին կտրականապես արգելել են վաճառել ծխախոտ և նարգիլեի համար նախատեսված պարագաներ: Այս երկու արգելքը սահմանվել է ISIL-ի զինյալների ու չափավոր ապստամբների միջև բախումների շարունակման ֆոնին, որոնց հետևանքով արդեն իսկ զոհվել է ավելի քան 1000 մարդ: