
Սիրիական ազգային խորհուրդը դուրս է եկել ընդդիմադիր դաշինքից

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիական ազգային խորհուրդը երեկ հայտարարել է ընդդիմադիր դաշինքից իր դուրս գալու մասին: Նշվում է, որ դաշինքի խոշորագույն մասնակից Ազգային խորհուրդը նման քայլի է գնացել որպես բողոքի նշան ընդդիմության այլ ներկայացուցիչների կողմից «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելու որոշման դեմ:
Ազգային խորհրդի տարածած հայտարարությունում նշված է, որ իրենք ամուր հավատարիմ են մնում Սիրիայի իշխանությունների հետ որևէ բանակցություններ չվարելուն, քանի դեռ նախագահ Բաշար Ասադը չի հրաժարվել իշխանությունից: Դրանում նաև նշված է, որ «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցելը հակասում է այդ սկզբունքին:
Սիրիայի ընդդիմաադիր ու հեղափոխական ուժերի ազգային դաշինքը «Ժնև 2» կոնֆերանսին իր մասնակցությունը հաստատել է այն բանից հետո, ինչ ՄԱԿ-ը երեկ հետ է վերցրել կոնֆերանսին մասնակցելու վերաբերյալ Իրանին ուղարկած հրավերը: