
Իրանը չի մասնակցի «Ժնև 2» կոնֆերանսին. ՄԱԿ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը չի մասնակցի Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» կոնֆերանսին, քանի որ չի կիսում Ժնևյան կոմյունիկեում շարադրված Սիրիական հակամարտության կարգավորման սկզբունքների ընդհանուր ըմբռնումը:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին: Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը շարունակում է Իրանին կոչ անել միանալ գլոբալ կոնսենսուսին՝ Ժնևյան կոմյունիկեին:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամմադ Խազաին երեկ հայտարարել է, որ Իրանը չի ընդունի որևէ նախապայման այդ ֆորումին մասնակցելու համար. «Եթե Իրանի մասնակցության հարցը պայմանավորված է Ժնևյան կոմյունիկեի ընդունմամբ, ապա Իրանը չի մասնակցի «Ժնև 2» կոնֆերանսին»:
«Ժնև 2» կոնֆերանսը պլանավորված է հունվարի 22-ին: