Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչները պետք է ենթարկվեն պատասխանատվության. Միյատովիչ
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության (19.01.2007) 7-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ այդ սպանության կազմակերպիչները պետք է ենթարկվեն պատասխանատվության.
«Հրանտ Դինքի սպանությունից 7 տարի անց բռնության այդ սարսափելի ակտի կազմակերպիչները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Թուրքիայի իշխանությունները պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը և այլևս չձգձգեն Հրանտ Դինքի ընտանիքի համար արդարության հաստատումը»:
Միյատովիչը նկատել է, որ Դինքի գործը վերստին սկսել են դիտարկել այն բանից հետո, ինչ Թուրքիայի Վճռաբեկ դատարանը նախորդ տարվա մայիսին ընդունեց, որ Հրանտ Դինքի սպանությունը հանդիսացել է հանցավոր դավադրության հետևանք՝ լրագրողին հարկադրաբար լռեցնելու համար.
«Բավական չէ բանտ նստեցնել միայն մեկ մարդու, ով քաշել է ձգանը: Նմանատիպ հանցագործությունների կազմակերպիչները պակաս վտանգավոր չեն, քան անմիջական մարդասպանները: Թուրքական արդարադատության համակարգը պետք է թուրք քաղաքացիներին ցույց տա, որ նմանատիպ հանցագործությունները չեն մնում անպատիժ:
Հրանտ Դինքը համարձակ լրագրող էր, ով պայքարել է ազգային փոքրամասնությունների խաղաղության ու իրավունքների համար: Յուրաքանչյուր հասարակություն պետք է հպարտանա նմանատիպ ակնառու գործիչներով և անի ամեն ինչ՝ պաշտպանելու համար նրանց խոսքի ազատության իրավունքը»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը թուրք հանրահայտ պատմաբան Թաներ Աքչամն իր հոդվածում գրել էր,որ Հրանտ Դինքն իրենց Մարտին Լյութեր Քինգն է, նոր Թուրքիայի խորհրդանիշն ու ցեմենտողը: