Ո՞ւմ կողմից էր ուղղորդվում այսօրվա հանրահավաքը
Այսօր Ազատության հրապարակում՝ կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ հանրահավաքի ժամանակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքական պատմության մեջ այս պայքարը բացառիկ է: «Արդեն մեծատառով քաղաքացին, քաղաքացիական նախաձեռնությունները թելադրել են, ձևակերպել են օրակարգ, որին միացել են խորհրդարանական բոլոր ոչ իշխանական ուժերը՝ առանց բացառության: Առավել, քան համոզված եմ, որ պետության մեջ արմատական բարեփոխումներ անելու համար անհրաժեշտ է, որ հասարակությունը, քաղաքական և քաղաքացիական այն ուժերը, ովքեր չեն կիսում այսօրվա վարվող քաղաքականությունը, միավորվեն: Սա միակ ճշմարիտ ճանապարհն է, որը մեզ կապահովի հաղթանակ»,- նշեց նա: Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե միասնական հավաքն ուղղորդվում է, Ռ. Հակոբյանը նկատեց.
«Շատերը հավաքը կապում են ինչ-որ քաղաքական ուժերի հետ, անհատների հետ: Նման մարդիկ կամ միամիտ են, կամ ուզում են ինչ-որ կերպ ազդել, որ այս միասնությունը չկայանա: Այո, այս հավաքն ուղղորդվում է, բայց ուղղորդվում է ժողովրդի բացարձակ մեծամասության կողմից: Եվ սա է այս հավաքի առավելությունը»: Ռուբիկ Հակոբյանն ընդգծեց նաև, որ համախմբման համար պետք է գտնել համախմբող, ոչ թե՝ իրարից բաժանող օրակարգ: Նա նաև հավելեց, թե կուտակային պարտադիր բաղադրիչի ներդրմամբ կուտակվելու են միլիոններ, որոնք դուրս են հանվելու Հայաստանից: «Դրանք աշխատատեղեր չեն ստեղծելու, մանր ու միջին բիզնեսի զարգացմանը չեն նպաստելու»,- նկատեց նա: