
Ռուսաստանը վերջին մեկ ամսում մեծացրել է ռազմական տեխնիկայի մատակարարումները Սիրիային. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները վերջին մեկ ամսվա ընթացքում էականորեն մեծացրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանը ռազմա-տեխնիկական օգնության ծավալը: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա անանուն սեփական աղբյուրը:
Նրա տվյալներով՝ նախորդ տարվա դեկտեմբերից ռուսական «Ան-124» ռազմափոխադրման ինքնաթիռները տասնյակ չվերթներ են իրականացրել դեպի Սիրիա՝ իրենց հետ բերելով սպառազինություն, ռազմական տեխնիկա ու տարբեր սարքավորում:
Մասնավորապես, սիրիական կողմը ստացել է զրահատեխնիկա, հետախուզական սարքավորում, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, ուղղաթիռների պահեստամասեր և մեծ ճշգրտությամբ ավիառումբեր:
Հետախուզական ԱԹՍ-երի օպերատորների դերում աշխատում են ռուս մասնագետները, որոնք սիրիացի զինվորականներին օգնում են գտնել թիրախները՝ ավիացիայի ու հրետանու հարվածների համար:
Գործակալությունն ընդգծել է, որ Սիրիային ռուսական մատակարարումների մասին տեղեկատվությունը հաստատել է ևս մեկ աղբյուր: Նա հավելել է, որ պարտադիր չէ, որ զենքը Սիրիա հասցվի Ռուսաստանից, այն բերվում է նաև Ուկրաինայից, Բուլղարիայից ու Ռումինիայից: