Եթե «Դեմ եմ»-ը դառնա «Դեմ ենք»

Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունենալու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հանրահավաքը, որը շատ սկզբունքային նշանակություն է ստացել ինչպես` ընթացիկ քաղաքական իրադարձությունների, այլապես էլ` սոցիալ-տնտեսական ծայրահեղ վատ պայմանների համատեքստում: Ֆորմալ առումով հանրահավաքը նախաձեռնել են կուկատակային համակարգի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնությունները, իսկ խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները ներկայացնող ուժերը հայտարարել են դրան մասնակցելու (ոչ թե կազմակերպելու), աջակցելու մասին:

Հենց այս հանգամանքն իշխանական քարոզչությունն օգտագործում է՝ ցույց տալու համար, որ այսօրվա հանրահավաքը կարող է օգտագործվել ոչ իշխանական քաղաքական ուժերի կողմից և ծառայել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի կամպանիային: Իհարկե, այդ տարբերակը ևս չպետք է բացառել: Սակայն, անկախ նրանից, թե ինչ հաշվարկներով են քաղաքական ուժերը մասնակցելու կամ աջակցելու հանրահավաքին, դա առաջին հերթին` լինելու է քաղաքացիների բողոքի դրսևորումը, որը, չնայած կապված է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, սակայն կարող է հիմք հանդիսանալ նաև համընդհանուր պայքարի համար:

Այսօր Հայաստանի հասարակության մեծամասնությունը, մեղմ ասած, դժգոհ է իշխանություններից, ու ցանկացած «կայծ» կարող է հանրային ընդվզման պայթյունի հանգեցնել, ինչի մասին, ի դեպ, վերջերս ահազանգել էր իշխանական սոցիոլոգներից մեկը: Այնպես որ, «Դեմ եմ» կարգախոսը, որով երիտասարդները պայքարում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ, իրականում խորհրդանշում ու արտահայտում է այն համընդհանուր վերաբերմունքը, որն առկա է քաղաքացիների մոտ իշխանությունների նկատմամբ:

Եվ եթե այսօրվա հանրահավաքը բազմամարդ լինի ու նաև այդպիսով հաջողություն արձանագրի, ապա դա կարող է «վարակիչ» էֆեկտ ունենալ և դառնալ հանրահավաքային պայքարի սկիզբը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ի՞նչ նպատակներով են քաղաքական ուժերն աջակցում այդ հանրահավաքին, ապա դա ևս կախված է հանրահավաքի բազմամարդությունից, որից ամենաշատն է վախենում իշխանությունը: Քաղաքական ուժերի հետ «լեզու գտնելու» փորձ իշխանությունն ունի, սակայն ամբողջությամբ սպառել է քաղաքացիների հետ կոնսենսուսի ռեսուրսները:

Քաղաքացիների խնդիրը, հետևաբար, պետք է լինի այնպիսի իրավիճակի հասունացումը, որ ոչ իշխանական քաղաքական ուժերը ստիպված լինեն «լեզու գտնել» ոչ թե իշխանության, այլ քաղաքացիների պահանջի հետ: Այնպես որ, այսօրվա հանրահավաքն ինչ-որ իմաստով թեստ է թե՛ իշխանությունների, թե՛ ոչ իշխանական քաղաքական ուժերի ու, ամենակարևորը՝ քաղաքացիների համար:

 

Տեսանյութեր

Լրահոս