ԲՀԿ խոսնակը պարզաբանում է՝ ինչու ԲՀԿ-ն չի քննադատում Սերժ Սարգսյանին
Երեկ հրավիրված ասուլիսային բանավեճին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը դժվարացավ պատասխանել լրագրողների հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն, սուր քննադատության ենթարկելով կառավարության գործունեությունը, այնուամենայնիվ չի անդրադառնում Սերժ Սարգսյանին:
Լ. Խաչատրյանն ասաց, թե երկրի տնտեսական քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը և ավելացրեց. «Դուք կարող եք ինձ քննադատել նաև նրա համար, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն չի քննադատում մեկ այլ պետության նախագահի»:
Նույն հարցին ի պատասխան՝ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դրան ունի շատ հստակ պատասխան և նշեց.
«Գործադիր իշխանությանը վերապահված են կոնկրետ գործառույթներ: Մեր հավակնությունները քաղաքական դաշտում հայաստանցու կյանքի որակի փոփոխությունն է: Անձամբ ես չեմ պատրաստվում աշխատել որևէ պաշտոնի պարզապես նրա համար, որպեսզի ունենամ ծառայողական մեքենա, ազդեցություն ապարատի վրա և ինքնադրսևորել իմ ամբիցիաները: Եթե նման բան լինի, ես այդ ծանր աշխատանքը կկատարեմ միայն իմ աշխատավարձի, այլ ոչ թե որևէ այլ բանի դիմաց այն պարագայում, եթե հայաստանցու կյանքում որակ փոխվի: Իսկ ես «Բարգավաճ Հայաստանից» եմ, այս համոզմունքը կա առնվազն այն կորիզի մոտ, որը ներկայացնում է ԲՀԿ-ի քաղաքական առանցքը: Սա է մեր ցանկությունը:
Եվ մեր քննադատությունը քաղաքական հեռանկարի մոտիվացիա չունի, մեր քննադատությունը նպատակ ունի վիճակ փոխելու: Կառավարությունը, հատկապես՝ վարչապետը ձևավորվում է քաղաքական մեծամասնության կողմից»:
Ճշտմանը, թե ԲՀԿ-ի քննադատությունն ուղղված է այն նպատակին, որ ոչ թե կառավարությունը փոխվի, այլ լավ աշխատի, ԲՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց, թե մի հարցն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող:
«Այն կառավարությունը, որը չի կարողանում վիճակ փոխել, պիտի չաշխատի»,- ասաց նա:
Նկատառմանը, թե Հայաստանում իրականությունը մի փոքր այլ է, և իշխանության հիմնական դերակատարը նախագահն է, քանի որ իշխանությունը դե ֆակտո իրականացվում է վերևից ներքև՝ «սիրուն է կամ սիրուն չի» սկզբունքով, Տիգրան Ուրիխանյանը կրկին արձագաքնեց, թե քաղաքական մեծամասնությունն է ներկայացնում վարչապետին և քաղաքական մեծամասնությունն է իրականացնում քաղաքականությունը:
Իսկ դիտարկմանը, որ խորհրդարանական մեծամասնությունն, ըստ էության, կատարում է կառավարության օրինագծերը դակողի դերը, ԲՀԿ մամուլի խոսնակն այսպես պատասխանեց. «Դա լավ չի, եթե այդպես է: Բայց մենք ունենք իրականություն և իրականությունն այն է, ինչ Ձեզ ասացի»: