
«Շանթ Հարությունյանը հյուծված էր երկարատև հացադուլից հետո». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շ. Հարությունյանի և կալանավորված մյուս անձանց հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր այցելել եմ «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպումներ եմ ունեցել նոյեմբերի 5-ի գործով կալանավորված 13 անձանց, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի հետ:
Այս գործով կալանավորված անձանցից չհաջողվեց հանդիպել-զրուցել միայն Անուշավան Գրիգորյանի հետ, ով «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարության պարզաբանումների համաձայն, տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց՝ դատահոգեբուժական փորձաքննության:
Շանթ Հարությունյանը հյուծված էր երկարատեւ հացադուլից հետո եւ գտնվում է կազդուրման փուլում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվողների ճնշող մեծամասնությունը պահվում է գերբեռնված խցերում, որտեղ կալանավորված անձանց թիվն ավելի մեծ է, քան քնեալատեղերը:
Լիպարիտ Պետրոսյանն ու Ալբերտ Մարգարյանն ունեն բժշկական հետազոտության կարիք:
Քննչական մարմինը ձերբակալության օրն առգրավվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող Վարդան Վարդանյանի ակնոցները, եւ ի հեճուկս խնդրանքների՝ մինչեւ օրս չի վերադարձրել: Ի հեճուկս իր դիմումի՝ մինչեւ օրս Վարդան Վարդանյանին պաշտպան չի տրամադրվել»: