Սնոուդենը կընդգրկվի Մամլո ազատության հիմնադրամի տնօրենների խորհրդի կազմում
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը դառնալու է Մամլո ազատության հիմնադրամի (Freedom of the Press Foundation, FPF) տնօրենների խորհրդի անդամ: Այս մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքում:
Հիմնադրամի համահիմնադիր, ռազմական վերլուծաբան Դանիել Էլսբերգն այդ որոշումը բացատրել է նրանով, որ Սնոուդենի շնորհիվ ամերիկացիները հնարավորություն ստացան բաց քննարկում սկսել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (NSA) գաղտնալսման ծրագրերի մասին: Էլսբերգը նաև ընդգծել է Սնոուդենի գործած քայլը՝ նրան անվանելով «իր անձնական հերոս»:
Սնոուդենը պաշտոնապես տնօրենների խորհրդի կազմում կընդգրկվի փետրվարին: Մեկնաբանելով իր այդ նշանակումը՝ Սնոուդենը հայտարարել է, որ կփորձի օգտագործել իր փորձը՝ լուծելու համար լրագրողների ու նրանց աղբյուրների միջև շփումներում անվտանգության խնդիրները. «Օրենքները չեն կարող ապահովել դա, սակայն տեխնոլոգիաները կարող են»: FPF-ը ստեղծվել է 2012 թվականին: