Վաղը կկայանա Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստը
Վաղը Բերդի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու անցած տարի սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, դատական նիստը նշանակվել է Իջևանի նստավայրում: Վաղը տեղի կունենա այս գործով երկրորդ նիստը. նախորդը, որը նշանակված էր 2013թ., հետաձգվել էր: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Լյուքս Ստեփանյանի հետ նույն զորամասում ծառայած Դավիթ Խաչատրյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Լյուքս Ստեփանյանի՝ իր հասցեին հնչեցված հայհոյանքից հետո նրա ուղղությամբ մենահատ կրակոց արձակելու համար: Ըստ նախաքննական մարմնի՝ Լ. Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում վնասվածք է ստացել: Դ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ և 112-րդ հոդվածի 1-ին մաս): Նշենք, որ քրեական գործը նախապես մակագրվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին: Վերջինս, սակայն, ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ տուժողի՝ Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդ Իշխան Ստեփանյանն իր հորաքրոջ որդին է: Գործն ուղարկվել էր Բերդի դատարան: Քրեական գործը քննելու է դատավոր Զոյա Զաքինյանը: