Լյուդմիլա Սարգսյան. «Ժողովուրդը շատ լավ հիշում է, թե ինչե՜ր են տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին»

«Կարծում եմ, որ չափից դուրս շատ է կարևորվում այն ներիշխանական բանավեճը, որն այսօր անվանում են Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան բանավեճ»,- մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը, երբ նրան խնդրեցինք իր կարծիքը հայտնել Ռ. Քոչարյանի վերջին հրապարակային ակտիվության վերաբերյալ:

«Ինձ համար Տիգրան Սարգսյան-Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան անունները եռամիացություն են, և այն, ինչ նրանց միջև տեղի է ունենում, նրանց ներքին գզվռտոցն է, որի արդյունքում նրանցից յուրաքանչյուրն ուզում է ամրացնել իր տեղն ու դիրքն իշխանության մեջ կամ նոր դիրքեր ձեռք բերել: Հետևաբար, չեմ կարծում, որ մենք իրավունք ունենք շեղվելու այդ ներիշխանական ինտրիգների ուղղությամբ և մոռացության տալու մեր բուն նպատակները: Չեմ ուզում ներքաշվել ներիշխանական խաղերի մեջ,- ասաց տիկին Սարգսյանը: -Ինձ համար նրանք բոլորը ներկայացնում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և թող իրենք իրենց մեջ լուծեն այդ վեճը: Այդ վեճը, այդ մեկնաբանությունները, որ անում է Ռոբերտ Քոչարյանը, ոչ մի աղերս չունեն ժողովրդի և այսօրվա խնդիրների հետ»:

Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ թե գործող, թե նախկին իշխանության ներկայացուցիչների գործելակերպերը միմյանցից առանձնապես չեն տարբերվում, և դրանք «մեկը մյուսի շարունակությունն են»:

«Թող իրենք իրենց մեջ լուծեն իրենց խնդիրները, բայց ես չէի ցանկանա, որ դրա արդյունքում ներիշխանական իշխանափոխություն տեղի ունենար: Դրա համար կոչով դիմում եմ մեր ժողովրդին, որ համախմբվեն, միավորվեն և թույլ չտան իշխանափոխություն իշխանության ներսում: Իշխանափոխությունը պետք է սկսվի ներքևից՝ ժողովրդի պարտադրանքով»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք վտանգ չի՞ տեսնում այն հանգամանքում, որ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթներում, մասնավորապես՝ վերջին հարցազրույցում , շոշափում է նույն խնդիրները (օրինակ՝ պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցը), ինչ խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերը, այդ թվում՝ Հայ ազգային կոնգրեսը, և այդպիսով կարծես փորձում է նույնականանալ այդ ուժերի հետ:

Սրան ի պատասխան՝ կոնգրեսական պատգամավորն ասաց. «Վտանգ տեսնում եմ, եթե ժողովուրդը մոռացած լիներ Ռոբերտ Քոչարյանի անցյալը և կառավարման տարիները: Բայց քանի որ մեր հիշողությունն այդքան կարճ չէ, և ժողովուրդն էլ շատ լավ հիշում է, թե իրականում ինչե՜ր են տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, ի՜նչ արյունալի իրադարձություններ… հետևաբար, այն, ինչ ասում է Ռոբերտ Քոչարյանը, բոլորին վաղուց հայտնի է, և այն գնահատականները, որոնք նա տալիս է, մեր կողմից վաղուց տրվել են, ոչ մի նոր բան չեմ լսել: Հետևաբար, չեմ կարծում, որ նա կարող է վտանգ ներկայացնել իրենից՝ որպես մարդ, ով կարող է դիտարկվել՝ որպես ընդդիմություն»:

 

Տեսանյութեր

Լրահոս