«Ճիշտ Վինի Թուխի հեքիաթն է». Ս. Սաֆարյանը` Քոչարյան-Սարգսյան բանավեճի մասին

«Այն նման է իրար վրա ցուցմունք տալուն» ,- այսօր hրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգության» վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրապարակային բանավեճի մասին:

«Իրականում երկուսն էլ չեն հերքում, որ (շինարարական.- Ա.Ս.) փուչիկը փչվել է, բայց այս պարագայում մեկը մյուսին մեղադրում է փուչիկը փչելու մեջ, մյուսն էլ նրան մեղադրում է փուչիկը պայթեցնելու մեջ: Անկեղծ ասած` ճիշտ Վինի Թուխի հեքիաթն է»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: Վերջինիս կարծիքով` ակնհայտ է մի բան` հերթական անգամ գրոհ է սկսվել կառավարության վրա, քանի որ թիրախը վարչապետն է: Եվ ուժերը, որոնք հարում են Ռոբերտ Քոչարյանին, օգտագործելով երկրի ներքին սոցիալ-տնտեսական վատթար վիճակը, արտաքին քաղաքական գործոնների ակտիվացումը, փորձում են հասնել կառավարության հրաժարականին:

Սաֆարյանն ընդհանրապես ներկա իշխանության և նախկին նախագահի բանավեճն ու որոշակի հակադրությունը բեմականացում է համարում:

«Կարծում եմ` ոչ ոք չի մոռացել, որ երկրորդ և երրորդ նախագահների, այսպես ասած, հակամարտությունը հանրապետությունում բեմականացվել է բազմաթիվ անգամ, և դրանք բոլոր նախկին եթերաշրջաններում անհետևանք են անցել, հետևաբար` չեմ կարծում, որ այս անգամ էլ այն որևէ ավարտ ունենա: Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ Հայաստանի համար մեղավորն ընդամենը մեկ անձ լինի, առավելևս, երբ բոլոր սուբյեկտներն անցյալում նույն թիմի մեջ են եղել: Այս կտրվածքով` կողմերն իրենք էլ պետք է հասկանան, որ այդ բանավեճն ավելի շատ զվարճանքի տեղիք է տալիս»: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2013-ի դեկտեմբերի վերջին  հանդես եկավ հարցազրույցով , որում սուր քննադատության էր ենթարկել Տիգրան Սարգսյանին և մասնավորապես՝ նրա բացատրությունը Հայաստանում շինարարության ոլորտի անկման վերաբերյալ: Իսկ երեկ հրապարակվեց Քոչարյանի երկրորդ` ավելի ծավալուն հարցազրույցը :

Խոսելով կանխատեսումների մասին` Ստյոպա Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ այս տարին վճռորոշ է լինելու Հայաստանի արտաքին քաղաքականության վերասահմանման առումով, քանի որ հայտարարվել է, թե մինչև ս.թ. մայիս ամիսը պետք է պատրաստ լինի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի տեքստը: Իսկ մյուս կողմից` Եվրոպան և Արևմուտքը «ձեռքները ծալած չեն նստելու, և տարածաշրջանի համար բավական թեժ պայքար է գնալու»:

Իսկ երկրորդ կարևոր գործոնը, Ստյոպա Սաֆարյանի խոսքերով, այն է, որ վերջին ընտրություններով Հայաստանում հաստատվել է որոշակի քաղաքական հաշվեկշիռ, ինչը դուր չի գալիս այն ուժերին, որոնք ձգտում են փոփոխությունների և սպասում են 2017-18 թթ. համապետական ընտրություններին:

Սաֆարյանը հենց այս համատեքստում է դիտարկում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հրապարակային ակտիվությունը և նրա հեռակա բանավեճը վարչապետը Տիգրան Սարգսյանի հետ:

Այսպիսով, Սաֆարյանը գտնում է՝ Ռոբերտ Քոչարյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «խաղի մեջ մտնելու»  հետևանքով` քաղաքական գործընթացները նորից կարող են տեղափոխվել «երեք նախագահների եռանկյունի»:

Տեսանյութեր

Լրահոս